Tert.am-ը գրում է.

Լեռնային Ղարաբաղում իշխող «Ազատ Հայրենիք» կուսակցության մեծամասնությունը կողմ է կիսանախագահական համակարգից նախագահական համակարգին անցում կատարելու սահմանադրական փոփոխությունների հայեցակարգով առաջարկված տարբերակին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի մեծամասնություն կազմող «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը:

Վերջինս նշեց, որ ինքն անձամբ խորհրդարանական կառավարման համակարգի կողմնակից է, բայց կուսակցության անդամների շրջանում արված սոցիալական հարցման արդյունքում պարզ է դարձել, որ 75 տոկոսը կողմ է, որ անցում կատարվի նախագահական կառավարման մոդելի:

Հայեցակարգը, որն առաջարկել է մասնագիտական հանձնաժողովը, դեռևս կարող է փոխվել: Արթուր Թովմասյանն ասաց, որ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը դոգմա չէ և ըստ էության կարող է փոխվել: Նա վստահություն հայտնեց, որ նոր Սահմանադրությունը կարտահայտի Արցախի ժողովրդի կենսական շահերը:

Հարցին՝ արդյոք առաջարկված տարբերակը սուպերնախագահական չէ, արդյոք մեկ անձի ձեռքում չի՞ կենտրոնանում լիազորությունների ողջ փաթեթը, «Հայրենիք» խմբակցության ղեկավարը համաձայնեց, ասաց, որ խիստ նախագահական համակարգը գերկենտրոնացված իշխանության կհանգեցնի, ինչը ռիսկային է:

«Դրա համար ես համարում եմ, որ այստեղ լուծում է պետք: Օրինակ՝ ես համարում եմ, որ ապագա նախագահը պետք է հոգեպես հավասարակշռված լինի, բժշկական տեղեկանք ունենա, որ … որովհետև մի հատ հիվանդ, որը ժողովրդի բացարձակ քվեն կստանա, կարող է լիազորություններն ոչ նպատակային օգտագործել: Նախկինում էլ մեր նախագահները գրեթե անսահմանափակ իշխանությամբ էին օժտված, բայց Արցախի նախագահներից ոչ մեկը չի օգտվել այդ իրավունքներից: Բայց ի՞նչ իմանանք չորրորդ նախագահն ով կլինի, ինչպիսին կլինի»,- մանրամասնեց Արթուր Թովմասյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել