Քանիցս խոսել եմ էլիտաների տեսության, քաղաքական էլիտայի գործառույթների և դերի մասին, այս վերլուծության մեջ երևում է ինչպես են տեղի ունեցել ՀՀ և ԼՂ քաղաքական էլիտաների անցումները:

ԼՂՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, 1997թ. նշանակվեց ՀՀ վարչապետ, այնուհետև ընտրվեց ՀՀ նախագահ: Նախագահ դառնալուց հետո, ըստ էության, դրվեց ՀՀ իշխանության մեջ ղարաբաղյան քաղաքական էլիտայի առանցքային դերի վերաբերյալ հայտնի քննարկման սկիզբը:

Որպեսզի հասկանանք, թե որքանով է նման փոփոխություն տեղի ունեցել, և ինչպիսին է դրա ազդեցությունը ՀՀ քաղաքական էլիտայի կազմի վրա, առանձնացրել եմ այն հայտնի բոլոր դեպքերը, երբ անհատները տեղափոխվել են ՀՀ քաղաքական էլիտայից դեպի ԼՂՀ էլիտա և հակառակը:

Բնականաբար, ավելի դյուրին է հավաքագրել այն անհատներին, ովքեր ԼՂՀ քաղաքական էլիտայի մաս են կազմել և հետո դարձել ՀՀ էլիտայի մաս: Օրինակ` ԼՂՀ նախկին վարչապետ Լեոնարդ Պետրոսյանը տեղափոխվել է Երևան Ռ.Քոչարյանի հրավերով: 1999թ. նա նշանակվեց նախարար, սակայն 1999թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ խորհրդարանի վրա ահաբեկչական հարձակման արդյունքում սպանվեց: Ներկայում Սեյրան Օհանյանը այդ պաշտոնին «հասել է» ԼՂՀ պաշտպանության նախարարի պաշտոնում աշխատելուց հետո: Մովսես Հակոբյանը ՊԲ նախարարաի պաշտոնից տեղափխվեց ՀՀ և ստացավ ՊՆ ԶՈՒ շտաբի պետի, այնուհետև նշանակվեց նյութատեխնիկական ապահովման հարցերով Պնախարարի տեղակալ։

Մեկ քաղաքական էլիտայից մյուսին անցնելու լավագույն օրինակը ԼՂՀ ներկայիս փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն է: Երևան տեղափոխվելուց հետո ԼՂՀ ներքին գործերի նախկին նախարարը նշանակվեց ՀՀ պաշտպանության փոխնախարարի պաշտոնին: Այնուհետև նա ընտրվեց ՀՀ ԱԺ պատգամավոր: 2012 թվականին նա վերադարձավ Արցախ և նշանակվեց ԼՂՀ փոխվարչապետ: Աղաբեկյանը ԼՂՀ միակ ներկայացուցիչն է, ով տեղափոխվել է ՀՀ քաղաքական էլիտա և նորից վերադարձել` համալրելով ԼՂՀ քաղաքական որոշում կայացնողների շարքերը:

ԼՂՀ-ի քաղաքական դաշտից տեղափոխվելուց հետո ղարաբաղյան էլիտայի որոշ ներկայացուցիչներ շարունակում են իրենց կարիերան որպես ՀՀ դիվանագետներ: Նախկինում ԼՂՀ արտաքին գործերի նախարար և ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը այժմ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանն է, իսկ ԼՂՀ ԱԺ նախկին խոսնակ Օլեգ Եսայանը ներկայում ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն է: Նա նախկինում զբաղեցրել է այս պաշտոնը Բելառուսում:

Ինչ վերաբերում է հակառակ միտմանը, երբ հայաստանյան էիտայի ներկայացուցիչները դարձել են ԼՂՀ էլիտայի մի մասը, ապա պետք է փաստել, որ այդ նախադեպերը շատ ավելի քիչ են: Առավել վառ օրինակը Տիգրան Կյուրեղյանն է, ով 1990-1995թթ. ՀՀ ԳԽ պատգամավոր էր, այնուհետև տեղափոխվեց Արցախ: ՏԻՄ-ում պաշտոն զբաղեցնելուց հետո Կյուրեղյանը դարձավ ԼՂՀ ԱԺ պատգամավոր 2000- 2005թթ. ընկած ժամանակահատվածում: Իր գործընկերների նման Կյուրեղյանը չէր նշանակվել բարձր քաղաքական պաշտոններում` անմիջապես անցնելով մի քաղաքական դաշտից մյուսին, այլ տեղափոխվել էր ԼՂՀ և այնտեղ «զրոյից» կառուցել իր քաղաքական կարիերան մինչ ԱԺ պատգամավոր ընտրվելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել