Այս տարին մեր երկրի համար առանձնանում է թե՛ լավ, թե՛ վատ տեսանկյունից: Մի պահ մոռանալով բացասական երևույթները՝ կենտրոնանանք մի դրական ցուցանիշի վրա: Այսպիսով ՀՀ արդյունաբերության ոլորոտում այս տարվա առաջին վեց ամիսներին արձանագրվեց 8,9 տոկոս աճ: Սա ամենաբարձր արդյունքն է Հայաստանի տնտեսության ճյուղերից և հիմնականում հենց այս ոլորտի աճով է պայմանավորված տնտեսական ակտիվության 4,7 տոկոս աճը նույն ժամանակահատվածում: Ըստ թվային ցուցանիշների արդյունաբերական արտադրանքի գումարային ծավալը հասել է մոտ 659 մլրդ դրամի: Մնացած ճյուղերից բարձր աճ արձանագրվել է հիմնականում ծառայությունների ոլորտում, գյուղատնտեսությունում աճը ակնհայտ չի եղել, իսկ շինարարությունում և մանրածախ առևտրի ոլորտներում արձանագրվել է անկում:

Առանձնացնելով թվային ցուցանիշները՝ կարող ենք ասել, որ ամենախոշոր ծավալներ ունեցող ճյուղի՝ մշակող արդյունաբերության ծավալները կազմել են մոտ 394 մլրդ դրամ, ինը 5,1 տոկոսով ավել է նախորդ տարվա առաջին կեսի համեմատ: Հիմնականում աճել է սննդամթերքի արտադրությունը՝ 5,4 տոկոսով, խմիչքներինը՝ 14,9 տոկոսով, ծխախոտինը՝ 21,1 տոկոսով, հագուստի արտադրությունը՝ 37,5 տոկոսով, ռետինե և պլաստմասե արտադրատեսակների արտադրությունը՝ 10,5 տոկոսով, ոսկերչական արտադրատեսակների արտադրությունը՝ 2,7 անգամ:

Ցուցանիշները դրական են նաև հանքարդյունաբերության ոլորտում, որտեղ աճը կազմել է 18,8 տոկոս՝ հիմնականում պայմանավորված մետաղական հանքաքարի արդյունահանման նույն չափի աճով: Գումարային առումով արտադրանքի ծավալներն այստեղ կազմել են գրեթե 122 մլրդ դրամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել