Մի երիտասարդ քահանա, ով իր կյանքը նվիրել էր ճգնելուն և ճշմարտության որոնումներին, օրերից մի օր տեսավ տարօրինակ մի երազ: Երազում նա տեսավ մի վանականի, ով, խորասուզված իր մտքերի մեջ, ծալապատիկ նստել էր ծառի տակ: Նա մոտեցավ վանականին: Իսկական հրաշք: Նրա  առջև նստած էր ինքը` Բուդդան: Քահանան նստեց մեծն ուսուցչի դիմաց` ընդունեց նույն դիրքը: Բուդդան լուռ էր: Հանկարծ, բացելով աչքերը, Բուդդան արտաբերեց. «Սովորիր տեսնել հեռուն»: Քահանան փակեց աչքերը` մտորելու ուսուցչի ասածի շուրջ:
Բացելով աչքերը` նա հայտնվեց ինչ-որ լեռան ստորոտում: Բարձունքում քարանձավ կար: Նա սկսեց մագլցել վեր: Ներսում քահանան հանդիպեց մի արաբ բեդվինի, ով նստել էր ծնկների վրա, ճոճում էր իր մարմինը և տարօրինակ ձայներ հանում: Քահանան մոտեցավ արաբին, փորձեց խոսել: Բայց արաբը չնկատեց քահանայի ներկայությունը: Հուսախաբ` նա որոշեց հեռանալ: Բայց լեռան ստորոտում նա հանդիպեց նույն արաբին: Արաբը մոտեցավ քահանային, խնդրեց նստել ծնկների վրա: Այնուհետև խնդրեց խոնարհել գլուխը և ճակատը կպցնել գետնին: «Սովորիր հնազանդվել Աստծուն», - հազիվ լսելի ձայնով ասաց բեդվինը: Քահանան ուղղվեց ու բացեց աչքերը: Հիմա նա արդեն Գողգոթայի բարձունքին էր: Առջևում Քրիստոսն էր` խաչին գամված: Քահանան մոտեցավ Քրիստոսին և ծնկի եկավ նրա խաչի առաջ: Եվ Քրիստոս խոսեց նրա հետ. «Անգամ այս խաչին գամված` ես շարունակում եմ սիրել մարդկանց: Հուսա, հավատա ու սիրիր….»:

Հեղինակ՝ Արտակ Զարգարյան

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել