Ադրբեջանական մեդիա մամուլի և սոցցանցերի վերահսկողներն ամենայն հավանականությամբ դեռ օլիմպիական խաղերից առաջ մտածել են իրենց մարզիկների ելույթների բոլոր հավանական սցենարները և մշակել դրանց արձագանքելու ռազմավարություն, որտեղ առանձնահատուկ կարևորություն է ունեցել հայ մարզիկներից կրած պարտությունների «հասարակական մարսման» խնդիրը:

Օրինակ, Ռասուլ Չունաևի` մեր Միհրանից կրած պարտությունն ադրբեջանական հանրային լսարանին մատուցվեց «հիշեցումների» տարբերակով: Այսինքն, բազմաթիվ էլեկտրոնային լրատվամիջոցներով և դրանց սոցցանցային էջերով Չունաևի պարտությունից անմիջապես հետո ժամանակային համընկմամբ տարածվում էր 2014թ.-ին Տաշքենդում կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում հայ մարզիկ Վարշամ Բորանյանի նկատմամբ Չունաևի տարած հաղթանակի տեսահոլովակ, որը զուգակցվում էր նմանատիպ արտահայտություններով. «Չունաևը այն մարզիկն է, որ հաղթել է հայ ըմբիշին 22 վայրկյանում», «Չմոռանանք, որ Չունաևը 2 տարի առաջ հաղթեց հայ ըմբիշին 11:0 հաշվով» և այլն:

Իսկ որ Չունաևը սիրված մարզիկ էր Ադրբեջանում և շատ օգտատերերի հիմնական հույսը այս օլիմպիական խաղերից, ակնհայտ է նույն այդ լուրերի սոցցանցային մեկնաբանություններից, ուստի «հիշեցումների մեթոդը» առանձնապես իրեն չի արդարացնում, և հաջորդ պարտությունների համար պետք է փորձեն գտնել այլ «ցավազրկողներ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել