ԵՄ-Անկարա հարաբերություններում կա համաձայնագիր, համաձայն որի՝ Թուրքիայի տարածքով Հունաստան անցած բոլոր ապօրինի ներգաղթյալները վերադարձվելու են Թուրքիա, իսկ նրանց փոխարեն սիրիացի օրինական փախստականներ են անցնելու։ Բացի այդ, համաձայնագրով Թուրքիան ևս 3 մլրդ եվրո էր ստանալու։ Թուրքիայի և Եվրամիության միջև վիզային ռեժիմի ազատականացումը հնարավոր է դարձել փախստականների շուրջ համաձայնագրի շրջանակներում: Այս պայմանավորվածության համաձայն՝ Բրյուսելը հնարավորություն կստանա Թուրքիա վերադարձնել ԵՄ տարածք մուտք գործած անօրինական ներգաղթյալներին: Դրա դիմաց Անկարան ֆինանսական օգնություն է ստանալու եվրապացիներից, իսկ Թուրքիայի քաղաքացիները հնարավորություն են ստանալու 90 օր ժամկետով ազատորեն մուտք գործել Շենգենյան գոտու տարածք:
Թուրքիայի արտաքին գերատեսչությունը բոլորովին վերջերս կրկին հայտարարել է, որ եթե Բրյուսելը չսահմանի Թուրքիայի քաղաքացիների համար վիզայի ազատականացման հստակ ժամկետը, ապա Անկարան կդադարի կատարել միգրանտների հոսքը զսպելու շուրջ պայմանավորվածությունները:
Հավելենք նաև, որ Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման տապալված փորձին հաջորդած ձերբակալությունների, հետապնդումների, արտակարգ դրության, նախագահի լիազորությունների ընդլայնման և մարդու իրավունքների կոպիտ խախտումների ֆոնին ԵՄ անդամ մի շարք երկրներ Բրյուսելին կոչ են անում դադարեցնել բանակցությունները Եվրամիությանը Թուրքիայի հնարավոր անդամակցության շուրջ:
Ստացվում է այնպես, որ Անկարան փոխում է ԵՄ-ի հետ հարաբերվելու իր երբեմնի խնդրողի կարգավիճակին հարիր հռետորաբանությունը, և հատկանշական է, որ դա արվում է օրեր անց, երբ բավականին հեռանկարային է դառնում ՌԴ-Թուրքիա արդեն նոր մակարդակի փոխհարաբերությունների մեկնարկը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել