«Ղարաբաղի հիմնախնդրի լուծմանն ուղղված բանակցությունների համար նոր փուլ կբացվի, եթե Ադրբեջանը հարգի 1994 թվականի հրադադարի համաձայնագիրը, Լեռնային Ղարաբաղը նորից միանա բանակցություններին և հաղթահարվեն հոգեբանական արգելքները, որոնք գալիս են Ադրբեջանի վրեժխնդիր քաղաքականությունից», - Ֆրանսիայի խորհրդարանի էլեկտրոնային թերթին տված հարցազրույցում ասել է Լեռնային Ղարաբաղի նախագահը:
Պատասխանելով փոխզիջումների մասին հարցին, Լեռնային Ղարաբաղի նախագահն ասել է, որ որևէ հակամարտության լուծում, հատկապես երբ դա այնքան բարդ է, որքան Լեռնային Ղարաբաղինը, կարող է իրականացվել միայն փոխզիջումների միջոցով։
«Ողջամիտ, իրավացի և համարժեք փոխզիջումներն անհրաժեշտ են», - հավելել է նա՝ շարունակելով․ - «Մենք պատրաստ ենք անել զիջումներ, եթե դրանք չեն խաթարում մեր երկրի անվտանգությունը, եթե դրանք չեն հանդիսանում պատեհ առիթներ մեր հակառակորդի համար՝ մեզ վրա նոր հարձակումներ գործելու»։
Ադրբեջանն ակտիվորեն զինվում է ու հայկական կողմից 5-7 շրջանների հանձնումը միայն հետաձգելու է մնացած՝խորհրդային վարչա-տարածքային բաժանմամբ ԼՂԻՄ-ի գրավումն ու տեղի հայության բնաջնջումն՝անվտանգության գոտու հանձնումն ավելի հարմարավետ դիրքեր ու հարձակողական լայն հնարավորություններ կընձեռնի Ադրբեջանին: Աղդամը կրկին կդառնա Ստեփանակերտի ու Շուշիի ռմբակոծման հենակետ՝էլ ավելի արդիական զենքերից, քան 1991-1994թթ.-ից: Քարվաճառի շրջանի հանձնում էլ կրակի տակ է պահելու ողջ Մարտակերտն ու ՀՀ-ի Գեղարքունիքի, Վայոց Ձորի ու Սյունիքի մարզերը:
Ինչ վերաբերվում է Ադրբեջանի կողմից 1994 թվականի հրադադարի համաձայնագրի հարգելուն, ապա Բաքուն թքած ունի այդ համաձայնագրի վրա՝ապրիլյան քառօրյա պատերազմն այդ համաձայնագիրը դարձրել է հասարակ թղթի կտոր:Նրանք փոխել են՝թե տարածքային, թե քաղաքական, թե ռազմական իմաստով բալանս ու այդ համաձայնագրի ոգին:
Ինչ վերաբերվում է ԼՂՀ-ը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելուն, ապա դրա մասին պետք է մոռանալ՝Բաքուն երբեք չի համաձայնվի նստել Ստեփանակերտի իշխանությունների հետ մեկ սեղանի շուրջ, իսկ Պուտինի այն հայտարարությունը, թե հակամարտության հանգուցալուծման պարագայում կողմերից ոչ մեկը չպետք է իրեն զգա հաղթած ու պարտված ևս մեկ անգամ հուշում է որ Ադրբեջանը չի նստելու բանակցությունների Ստեփանակերտի հետ՝Բաքվի փոխզիջումը լինելու է չհարձակվելը, քանի դեռ 5-7 շրջանները չեն հանձնվել, իսկ հայկական կողմն էլ ստանալու է այսպես կոչված միջանկյալ կարգավիճակ ու հանրաքվեի հույս, որն իհարկե երբեք չի կայանալու՝շրջաններն հանձնելուց ու այնտեղ ադրբեջանցիների վերադառնալուց հետո Բաքուն սկսելու է արդեն տարածքային առումով նախկին ԼՂԻՄ-ի գրավումը՝միջազգային խաղաղապհներն առաջին իսկ հրթիռակոծության ու կրակահերթերի դեպքում փախչելու են տարածաշրջանից՝կամ դիվանագիտական լեզվով ասած նրանց տարհանելու են՝անվտանգության նկատառումներից ելնելով:
Ինչ վերաբերվում է զիջումների, որոնք չեն խաթարելու ԼՂՀ անվտանգությունը, ապա անվտանգության գոտուց ցանկացած շրջանի հանձնումն ինքնաբերաբար խաթարում է այդ անվտանգությունը՝մերձարաքսյան շրջաններից մեկ-երկուսի հանձնումը սպառնալիք է սահմանակից Ասկերանի ու Հադրութի շրջաններին, Կուբաթլուի, Զանգելանի հանձնումը՝սպառնալիք է Սյունիքին, Լաչին-Գորիս ճանապարհին, Շուշիի թիկունքին և այլն: Ադրբեջանցիները միթե՞ վերադարձնելու են Շահումյանի շրջանը, Գետաշենը, Մարտունաշենը, իհարկե ՝ոչ, նրանք խոսում են Սյունիքի մասին, Երևանը համարում են ադրբեջանական քաղաք, իսկ Տավուշը՝Արևմտյան Ադրբեջանի մի մաս:
Ի՞նչ է փոխզիջելու Ադրբեջանը՝պատասխանը միանշակ է՝ոչինչ: Շահումյանում, Խանլարի շրջանում վաղուց հայեր չեն բնակվում, այդ տարածքները հայաթափվել են, զտվել, այնտեղ միատարր՝ադրբեջանցին բնակչություն է, որոնց հատուկ բնակեցրել են հայկական գյուղերում: Նրանց տարհանման մասին չի խոսվում՝Ադրբեջանը չի զիջելու Շահումյանը, քանի որ այն ունի ռազմավարական նշանակություն՝այդտեղից էլ ավելի մոտ են բոլոր նավթագազային ենթակառուցվածքները, Ադրբեջան-Վրաստան ավտոմայրուղիներն ու երկաթգիծը, բացի այդ, Ալիևն արդեն իսկ սահմանել է կարմիր գիծ՝Ադրբեջանը չի ճանաչելու Ղարաբաղը, իսկ առավելագույնը ինչ առաջարկվում է ինքնավարություն՝զուգահեռներ անցկացնելով Նախիջևանի Ինքնավարության հետ, ինչը նույնպես իռոնիկ է՝Նախիջևանում հայ չի մնացել, ինչին ակտիվորեն մասնակցել է Ալիև-ավագը,իսկ Ալիև-կրտսերն էլ ձգտելու է հայաթափել արդեն Արցախը:
Փոխզիջումների մասին խոսելն անիմաստ է՝դրանով չես հետաձգի պատերազմը, որն անպայման տեղի է ունենալու՝մեկ տարուց, հինգ ամսից, քսան տարուց՝Ադրբեջանն ակտիվորեն զինվում է՝ռուսական նորագույն զենքերով, ստեղծում սեփական արտադրության անօդաչուներ, դառնում շատ զինատեսակներում ինքնաբավ, ավելացնում ռազմական կոոպերացիան Թուրքիայի, Իսրայելի, Պակիստանի, Ուկրաինայի հետ՝հայատյացությունն ու ռևանշիզմը դարձնելով ազգային գաղափարախոսություն:
ՀՀ-ԼՂՀ-ին մնում է միայն նորմալ տնտեսություն կառուցել ու հարյուրավոր միլիոններ ուղղել նոր զինատեսակներ գնելուն, այլ ոչ թե սպասել ՌԴ-ից վարկով զենքերի, որոնք այպես էլ կարող են տեղ չհասնել կամ հասնել, երբ արդեն ուշ է լինելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել