ՄԻԱԿ քարտուղար

Վերջին մի քանի օրերին կտրուկ փոխվել է նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի մարտավարությունը: Ակնհայտ պոզիտիվ, աշխույժ ու դինամիկ քարոզարշավը, կարծես, մնում է անցյալում՝ իր տեղը զիջելով ագրեսիվ և, ինչ-որ տեղ, ջղաձիգ դրսևորումներով PR-ին: Նման փոփոխության դրդապատճառների մեջ խորանալը, միանգամայն անշնորհակալ գործ է, քանի որ դա բացառապես տվյալ թեկնածուի քաղաքական հաշվարկների խնդիր է: Բայց Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբի խոսնակի երեկվա դիտարկումներին, կարծում եմ, տեղին է անդրադառնալ, քանի որ դրանք ընդհանուր ընտրական գործընթացին վերաբերող տեսակետներ են: Երբ շտաբի ներկայացուցիչը հայտարարում է, որ «Րաֆֆի Հովհաննիսյանը չի շնորհավորի Սերժ Սարգսյանին, քանի որ ազատ և օրինական ընտրությունների պարագայում նա կհաղթի», ըստ էության, մտնում է մանիպուլյացիաների դաշտ, եթե նույնիսկ դրանք ընդունենք որպես բացառապես քարոզչական հնարքներ: 
- Նախ նման իմպերատիվ հայտարարություննները պետք է բավականին ծանրակշիռ օբյեկտիվ հիմքեր ունենան, հակառակ պարագայում այս և Վարդան Սեդրակյանի «81 տոկոսով ընտրվելու» մոտիվներով հայտարարությունների միջև որևէ էական տարբերություն չի կարող լինել.
- Եթե նույնիսկ ընդունենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը սոցիոլոգիական հետազոտություններ է պատվիրել և դրա արդյունքների վրա հիմնվելով է իր դիտարկումները ներկայացրել, ապա ինչո՞ւ է առհասարակ բացառում որևէ կտրուկ շրջադարձային փոփոխության հնարավորություն առաջիկա շաբաթվա ընթացքում (գուցե, այս դեպքում նա՝ որպես արդարամիտ մրցակից, ընդունի իր պարտությունը).
- Ազատ և օրինական ընտրություններ հասկացությունը քանակական ծավալ չունի և բոլորովին համադրելի չի «կհաղթի» (այս համատեքստում) խիստ առարկայական վերջնարդյունքի հետ.
- Դե իսկ հաղթող թեկնածուին շնորհավորելու կամ չշնորհավորելու մասին խոսելը լրիվ անտեղի է, քանի որ այն երբեք բնութագրական չի եղել մեր քաղաքական մշակույթի համար:
Մի խոսքով այս դիտարկումը առավելապես «չստացվածների» շարքից էր....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել