Էներգետիկ համակարգի պետական ընկերությունների աշխատանքը ունի բարելավման կարիք: Այժմ դիտարկվում է
մի շարք համայնքների գազաբաշխիչ ցանցերը «Երևանի ՋԷԿ»-ին հանձնելու որոշումը։

Մասնավորապես՝ խոսքը գնում է 10,7 միլիարդ դրամի հասնող ակտիվների մասին , որոնք պետք է ուղղվեն նախորդ մի քանի տարիներին գազամատակարար ընկերության նկատմամբ կուտակված պարտքերի մարմանը։

Այս իրավիճակում շատ կարևոր է ճիշտ գնահատական տալ տեղի ունեցող իրադարձություններին: Այս դեպքում պարտքերի կուտակումը ունի օբյեկտիվ պատճառներ: Իրականացվող ծախսերը և տրամադրվող փոխառություններ ոչ միշտ են կապ ունեցել ընկերության հետ: Խնդիրն այն է, որ դրանք ուղղվել են
«Նաիրիտի» և «Վանաձոր Քիմպրոմի» աշխատողների աշխատավարձերի վճարմանը, ինչպես նաև այլ անհրաժեշտ ծախսերի իրականացմանը։

Խնդիրը այստեղ ոչ միայն նաիրիտցիների ֆինանսական պարտքերը մարելն էր, այլ նաև այն, որ Նաիրիտն» այն գործարաններից է, որոնք ծախսեր են պահանջում անգամ հարկադիր կանգառի պայմաններում։ Այն հասնում է տարեկան առնվազն 3 մլրդ դրամի։ Այսօր էլ ուզած, թե չուզած այդ ծախսերը պետք է կատարվեն, չնայած գործարանը արտադրական գործունեություն չի իրականացնում։

Այս ամենի արդյունքում «Երևանի ՋԷԿ»-ը չի կարողացել ժամանակին կատարել իր պարտավորությունները գազամատակարարման դիմաց և «Գազպրոմ Արմենիայի» նկատմամբ կուտակվել է բավական մեծ պարտքեր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել