Միջազգային հանրությունն արդեն ասես առօրեական զարգացումներ է ընկալում Սիրիայում ամենօրյա բռնություններն ու մարտերը, մինչդեռ վերին շելոններում մեծ խաղը շարունակվում է՝ ինչպես ճամբարների միջև, այնպես էլ դրանց առանձին մասնակիցների: Ինձ հատկապես հետաքրքրել է երկու նորություն այս «ռազմաճակատից».
Թուրքիան ու Իրանն ակտիվ բանակցում են Սիրիայի թեմատիկայի շուրջ։ Իրանի Խորհրդարանի խոսնակն իր թուրք գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ հնչեցրել է անհանգստություն Թուրքիայում Փեթրիոթ ՀՕՊ համակարգերի ծավալման կապակցությամբ, ինչին ի պատասխան թուրք խոսնակ Ջամիլ Չիքենը հայտարարել է, որ դրանք զուտ Թուրքիայի պաշտպանության դեմ են և... դրանց կարիքը չի լինի, եթե Թուրքիան ու Իրանը կարողանան լուծում գտնել Սիրիական հիմնախնդրին։ Առանցքայինն այստեղ այն է, որ թուրք խոսնակը չի ակնարկում ոչ ՆԱՏՕ-ին, ոչ ՄԱԿ-ին, ոչ որևիցե այլ միջազգային կառույց կամ երրորդ պետություն։ Ակնհայտ է, որ Թուրքիան իր խաղն է տանում ու թուրքական ամբիցիաներն արդեն այնքան են, որ արդեն անթաքույց փորձեր են արվում դառնալու «հարց լուծող» տարածաշրջանային գերտերություն։
Մյուս ուշագրավ լուրը Չինաստանը մատուցեց։ Սովորաբար զուսպ և լուռ Չինաստանը բավականին լուրջ մեսսիջ է ուղարկել ԱՄՆ-ին, որով զգուշացրել է, որ Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները հակասում են միջազգային իրավունքին ու Չինաստանի շահերին և կարող են լուրջ վնասել Պեկինի ու Վաշինգտոնի հարաբերություններին։ Որպեսզի հասկանալի լինի, Չինաստանը բացի նրանից, որ ԱՄՆ-ի ամենախոշոր առևտրային գործընկերն է կամ ԱՄՆ-ի ամենամեծ պարտատերը, այլև, ես կասեի, ԱՄՆ-ի սիամական երկվորյակն է տնտեսական առումով։ Ուստի ցանկացած նման մեսսիջ կարող է փոթորիկ առաջացնել ԱՄՆ-ի տնտեսությունում։

Կից նյութերը` այստեղ և այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել