Tert.am-ը գրում է.

ՌԴ-ի՝ կոնսենսուսի գալու մասին հայտարարությունն ընդամենը դիվանագիտական արտահայտություն է, իսկ իրականությունն այլ է։ Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Սարգսյան-Պուտին հանդիպմանը և դրա ժամանակ ՌԴ նախագահի կողմից ԼՂ հակամարտության կողմերին արված համերաշխության կոչերին, այս մասին ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Իրականությունը հասկանալու համար պետք է մի քիչ տրամաբանություն և փաստերի համադրման պարզ ունակություն: Պատերազմի մեջ գտնվող երկրների վրա ճնշում գործադրելու շատ հասարակ մեթոդներ կան: Օրինակ՝ մեր դեպքում Ռուսաստանը Ադրբեջանին մի քանի միլիարդ դոլարի հարձակողական զենք է վաճառում, իսկ մեզ խոստանում է 200 միլիոն դոլար արժողության զենք, որի մատակարարումը անհայտ ժամկետով սառեցված է»,- ասաց քաղաքագետը՝ ընդգծելով, որ ՌԴ–ն օրերս Ադրբեջանի հետ նոր զենքերի մասին պայմանավորվածություն է ձեռք բերել և խոստացել են անգամ ավիացիոն գործարան հիմնել Ադրբեջանում:

«Դա ի՞նչ է նշանակում: Մեկ բան. մեզ վրա ճնշում են գործադրում և այստեղից ակնհայտ է, թե որ կողմը պետք է զիջումների գնա։  Իսկ եթե ինչ-որ հարցում զիջումներ ցանկանան կորզել Ադրբեջանից, ապա իրավիճակը կփոխվի և զենքերը «կհոսեն» արդեն դեպի Հայաստան»,- նշեց Ստեփան Դանիելյանը։

Ըստ քաղաքագետի՝ Պուտինի հայտարարությունը, թե Ադրբեջանը և Հայաստանը պետք է ինքնուրույն գան ինչ-որ համաձայնության, պարզ փարիսեցիություն է: Ինչ վերաբերում է Պուտինի ծրագրին, այն, քաղաքագետի համոզմամբ, բավականին ակնհայտ է։

«Ադրբեջանը ստանում է մի քանի շրջաններ՝ ռուսական զորքի տեղակայման դիմաց, իսկ աշխարհաքաղաքական առումով պետք է սահմանափակի իր հարաբերությունները Թուրքիայի հետ և «տեղավորվի» Իրան-Ռուսաստան ռազմավարական հարաբերություններում՝ որպես միջանցք և, բնականաբար, հրաժարվի «թուրանական աշխարհի» մասին երազանքներից»,-ասաց Ստեփան Դանիելյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել