Արդեն 25 տարի Հայաստանի բոլոր իշխանությունները փորձում են կասկածի տակ դնել 《մշտական բարեկամների և շահերի》բանաձևի կենսունակությունը և համառորեն չեն հրաժարվում արդեն վաղուց իր արդիականությունն ու ուժը կորցրած հայ-ռուսական դարավոր բարեկամությունից։ Վերջին 100 տարվա ընթացքում Ռուսաստանը ամեն ինչ արեց, որ հայերը հրաժարվեն այդ կարծրացած համոզմունքից, բայց ապարդյուն։ Այս ընթացքում աշխարհի բոլոր պետությունները մի քանի անգամ վերանայեցին իրենց հարաբերությունները և քաղաքականությունները մյուս պետությունների հետ, մասնավորապես ԱՄՆ Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի և նույնիսկ ԵՄ նկատմամբ, Ռուսաստանը Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի, նաև Հայաստանի նկատմամբ, բայց մենք մնացինք անդրդվելի։ Հայաստանն ու Ռուսաստանը դարավոր և անփոխարինելի բարեկամներ են և վերջ . . .
Նորմալ պետություններն իրենց արտաքին քաղաքականությունն ադապտացնում են ստեղծված իրադրությանն ու ենթարկում կոնկրետ փոփոխությունների, բոլոր նախաձեռնությունների հիմքում դրված է ազգային և պետական շահը։
Ակնհայտ է, որ վերջին օրերի իրողությունների պայմաններում Ռուսաստանի և Հայաստանի շահերը, մեղմ ասած, չեն համընկնում։ Ռուսաստանն անում է այն, ինչ պետք է իրեն ու իր ժողովրդին, ինչում նրան մեղադրելու իրավունք չունենք։ Մեղադրել կարող ենք միայն ինքներս մեզ թէ այդ ինչպե՞ս ստացվեց, որ անկախությունից 25 տարի հետո մենք զրկված ենք որևէ այլընտրանքից և ուղղակի հարկադրված ենք սպասարկելու օտար պետության շահերը` ընդ որում մեր կենսական ու ռազմավարական շահերի հաշվին։
Ունենք մենք արդյոք արտաքին քաղաքականություն?? Դատելով մեր ԱԳՆ աշխատանքի որակից և դիվանագիտական կարևոր դիրքեր զբաղեցնող մարդկանց պրոֆեսիոնալ և մարդկային նկարագրից, հաստատապես կարող ենք ասել, որ չունենք։ Իսկ եթե պետության արտաքին քաղաքական գերատեսչությունը ի զորու չէ կատարել Սահմանադրությամբ և օրենքներով իր վրա դրված գործառույթները, ապա դա նրա փոխարեն անում է այլ պետության նմանատիպ գերատեսչություն։
Հարգելի իշխանություններ, եկել է պահը հասկանալու, որ մշտական բարեկամներ չկան ու չեն էլ կարող լինել։ Այդպիսին չի կարող լինել ոչ Ռուսաստանը, ոչ էլ ԱՄՆ կամ ԵՄ-ը։ Մեր մշտական բարեկամը մեր ժողովուրդն է և մեր բանակը, մնացածը ենթակա են օգտագործման հանուն մեր իսկական բարեկամների։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել