Tert.am-ը գրում է.

Իրականում հասկանալի էր, որ Բաքվում տեղի ունեցած հանդիպումից հետո Ռուսաստանի Նախագահը պետք է Հայաստանի Նախագահի հետ հանդիպեր, որպեսզի կողմերն ավելի հստակեցնեն իրենց դիրքորոշումները. Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Գրիգորյանը՝ խոսելով երեկ Մոսկվայում կայացած Սարգսյան-Պուտին հանդիպումից և դրա ժամանակ ԼՂ հիմնախնդրի մասին արված հայտարարություններից:

«Մենք շատ ենք գտնվել այս փուլում, երբ կողմերը շատ մոտ են խնդրի լուծմանը, պայմանավորվածությունների իրագործմանը, բայց ես այդ հարցում սկեպտիկ եմ, չեմ կարծում, որ այս հարցին որևիցե լուծում կտրվի, որովհետև դա  շատ ցավոտ հարց է Հայաստանի համար»,- ասաց Արմեն Գրիգորյանը:


Նա նշեց, որ Ադրբեջանն էլ հակված չէ, որ հիմնախնդիրն այս փուլում լուծվի։

 «Ես չեմ տեսնում Ադրբեջանի կողմից ցանկություն, որ կգնա այդ ճանապարհով: Կա նաև շատ ֆունդամենտալ խնդիր. ըստ հրապարակված  տեղեկությունների՝ Արցախին ոչ թե անկախություն է տրվելու, այլ՝ միջանկյալ ստատուս: Այդ միջանկյալ ստատուսի հետ, միանշանակ է, որ Արցախում ոչ ոք համաձայն չի լինի»,- ասաց նա:

Խոսելով տարածքներ Ադրբեջանին հանձնելու մասին եղած խոսակցությունների մասին՝ քաղաքագետը նշեց, որ այդ հարցում էլ Հայաստանում և Արցախում լուրջ դիմադրություն կլինի: «Նույնիսկ այն մարդիկ, որոնք համաձայն են տարածքներ հանձնելուն, միանշանակ է, Արցախի միջանկյալ կարգավիճակի հետ չեն համաձայնվի»,- ասաց նա՝ նշելով, որ այդ ընդդիմացողներին զսպելու համար երկրի ղեկավարությունը ռեսուրս չի ունենա:

Անդրադառնալով ԼՂ կարգավորման գործընթացում Ռուսաստանի ներգրավվածությանը  և նրա՝ կողմերին արված հնարավոր առաջարկներին՝ քաղաքագետը նկատեց, որ եթե անգամ նման առաջարկներ կան, դրանք  հեռու չեն այն բանաձևերից, որոնք քննարկվում են. «Միջանկյալ ստատուս, տարածքների վերադարձ և այլն: Ես չեմ կարծում, որ դրանցից դուրս են առաջարկները: Բայց  հստակ է, որ դրանց շուրջ անգամ ներքին համաձայնություն չի եղել՝ հաշվի առնելով հասարակական տրամադրությունները»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել