Շիա մուսուլմանների համար ուխտագնացության (արաբ. زِيارة ) կարևորագույն սրբավայրեր են համարվում Իրաքում Նաջաֆը, որտեղ գտնվում է շիաների առաջին իմամ Ալիի գերեզմանը, Քարբալան, որտեղ տեղի ունեցած ճակատամարտում նահատակվել է շիական 3-րդ իմամը` Ալիի որդի Հուսեյնը, իսկ Իրանում` Մաշհադը, որտեղ գտնվում է շիական 8-րդ իմամ Ռեզայի դամբարանը:

Հավատացյալ շիաները, որոնք իրենց կյանքի ընթացքում կարողանում են այցելել այս սրբավայրեր, սկսում են կոչվել նաջաֆի, քարբալայի կամ մաշհադի:

Արևելյան Այսրկովկասի շիաների համար որպես ուխտագնացության հիմնական վայր տևական ժամանակ հանդիսացել է Մաշհադը, ուստի պատահական չէ, որ բազմաթիվ են դեպքերը, երբ մարդու ազգանվան մեջ անվանը նախորդում է Մաշհադի բառը:

Իրանում այդ հանգամանքը շատ լավ գիտեն, և այդ երկրի հոգևոր ղեկավարությունը, որ Խորհրդային միության փլուզումից հետո Ադրբեջանում վարում է հատուկ կրոնական քաղաքականություն` ամեն կերպ խթանելով այնտեղ շիայականությունը, նոր ուղիներ է փնտրում շիա հավատացյալների ազդեցությունը այդ երկրում մեծացնելու և հավատի հիմքերը ամրապնդելու համար:

Թերևս այդ նպատակին է ծառայում երեկ մեկնարկած Բաքու - Մաշհադ, Մաշհադ - Բաքու նոր թռիչքուղու բացումը: Առաջին թռիչքին նախորդած բացման արարողության ժամանակ ԻԻՀ Խորասան-է Ռազավիի նահանգապետը հայտարարել է, որ նոր թռիչքուղու բացումը հեշտացնելու է Ադրբեջանի շիա բնակչության ուխտագնացությունը դեպի իմամ Ռեզայի դամբարան:

Քանի որ Բաքու - Մաշհադ թռիչքի գինը սկսվում է 450 մանաթից և Ադրբեջանի բնակչության մեծամասնությանը հասանելի չի լինելու (Ադրբեջանում միջին աշխատավարձը 170-250 մանաթի սահմաններում է), Իրանը ելք է գտել նաև Ադրբեջանի մյուս շիաների համար: Ըստ Ադրբեջանում ԻԻՀ դեսպան Մոհսեն Փակ Այինի երեկ կատարած հայտարարության` մինչև սեպտեմբերի վերջ կգործարկվի նաև Նախիջևան - Թաբրիզ - Մաշհադ երկաթուղային տարբերակը, որը հնարավորություն կտա իմամ Ռեզայի դամբարան այցելել նաև նախիջևանցիներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել