Սևրի հաշտության պայմանագիրը ստորագրվեբ 96 տարի առաջ` 1920թ օգոստոսի 10-ին Սևրում (Փարիզի մերձակայք), Սուլթանական Թուրքիայի կառավարության և 1914-18թթ Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակից պետությունների միջև: Հայաստանի հանրապետության պատվիրակության ղեկավարը պառլամռենտի նախագահ Ավետիս Ահարոնյանն էր, ով նաև ստորագրել է դաշնագրի տակ: Ահարոնյանը և արևմտահայության Ազգային պատվիրակության ղեկավար Պողոս Նուբարը գլխավոր դաշնակից պետությունների հետ կնքել են լրացուցիչ պայմանագիր ազգային փոքրամասնությունների իրավունքերի, դիվանագիտական և առևտրական հարաբերությունների վերաբերյալ: Միջազգային իրավունքի տեսակետից ՀՀ-ն, որպես պայմանագրի մասնակից, դե յուրե ճանաչվում էր պայմանագիր ստորագրած մյուս բոլոր պետությունների կողմից:

Պայմանագրով Հայաստանը պետք է ստանար 90 հզ. կմ2, իսկ ՀՀ-ի հետ կունենար 161330 կմ2 տարածք՝ Սև ծով ելքով: Սակայն եղան այլ զագացումներ և գեոպոլիտիկ շահեր, որոնց հայկական գործոնն ուղղակի խանգարում էր:

1923թ հուլիսի 24-ին Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքում ստորագրվեց Լոզանի հաշտեցման պայմանագիրը, որն էլ փոխարինեց Սևրի պայմանագրին` նախկին Օսմանյան կայսրության տարածքում վերջնականապես լուծելով «հայոց հարցը»: Պայմանագրով հաստատվեցին Թուրքիայի նոր սահմանները` իրավաբանորեն ձևակերպելով Օսմանյան կայսրության անկումը և ամրապնդելով Թուրքիայի տարածքը նրա ներկայիս սահմաններում:

Նոր պայմանագրի տեքստում Սևրի պայմանագիրը կեղծ է համարվում: Այնուամենայնիվ, համառորեն, հայերը տարեց տարի պահանջում են կյանքի կոչել Սևրի պայմանագիրը, սակայն ապարդյուն:

Շատ հայ պատմաբաններ և քաղաքական գործիչներ կարևորում են Սևրի դաշնագիրը, այն ներկայացնելով որպես իրավական փաստաթուղթ, որի հիմքով Հայաստանը կարող է տարածքային պահանջներ ներկայացնել Թուրքիայից: Ուսումնասիրելով հայոց պատմության իրականությունը ակնհայտ է դառնում, որ միայն իրավական փաստաթղթով հնարավոր չէ հող նվաճել: Այստեղ կարևոր են մի քանի դրույթներ, որոնք մեր մասնագետներն ու գործիչները գիտակցաբար կամ չիմացությունից, մոռացության են տալիս:

1920 թվականի վերջերին, երբ թուրք քեմալականներն ու ռուս բոլշևիկները Բաքվից եկող Հայհեղկոմի անդամների հետ իրականացնում էին Հայաստանը խորհրդայնացնելու դավադրությունը, Հայաստանի Առաջին Հանրապետության վերջին կառավարությունը պաշտոնապես հրաժարվեց Սևրից:

Ալեքսանդրապոլի բանակցությունների հենց սկզբում թուրքերը հայերից պահանջում են հրաժարվել Սևրից: 1920թ. նոյեմբերի 27-ին հայկական պատվիրակությունը ղեկավարող Ալեքսանդր Խատիսյանը, վարչապետ Վրացյանին հեռազանգում է. «Թուրքերի պահանջով մեր պատվիրակությունը միաձայն որոշեց հրաժարվել Սևրից»:

Հարկ եմ համարում փաստել, որ Խատսյանը հայտարարում է, թե Հայաստանը ցանկանում է ելք դեպի ծով Բաթումի և Ռիզեի միջև, Ռուսական կայսրության կազմում գտնվող հայակական տարածքները, Վանի վիլայեթը, Բայազետի սանջակը: Սակայն դեպքերը զարգանում են այլ ուղղությամբ. Քյազիմ Ղարաբեքիրը նոյեմբերի 30-ին հայտնում է, որ հայ-թուրքական սահմանագիծ է լինելու Արաքս գետը:

Հ.գ. 1921-ի հոկտեմբերի 13-ին Ասքանազ Մռավյանը, ստորագրելով Կարսի պայմանագիրը, որ նույն թվականի մարտի 16-ի պայամանգրի բառացի կրկնօրինակն էր, ճանաչեց ժամանակակից Թուրքիայի սահմանները` դրանով իսկ անուղղակի կերպով հրաժարվելով Սևրի դաշնագրից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել