Բավականին շատ է խոսվել քաղաքական համակարգերի, այդ համակարգերի գործունեության մասին, երկու խոսքով կփորձեմ ներկայացնել հետխորհրդային Հայաստանի քաղաքական իրականությունից որոշակի փաստեր և համեմատական վերլուծություններ:

Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից նշանակված նախարարների ընդհանուր թիվը կազմել է 76, Ռոբերտ Քոչարյանը նշանակել է 71 նախարար, իսկ գործող նախագահ Սերժ Սարգսյանը` 30: Տարբերություններն արտահայտվում են մի կողմից` նախարարությունների թվի (26` 1995թ. կեսերին և 18` ներկայում), մյուս կողմից` նոր նշանակումների հաճախականության նվազման պատճառով: Տեր-Պետրոսյանի կողմից նշանակվել է միայն 12 մարզպետ: Համեմատության համար հարկ է նշել, որ Քոչարյանը նշանակել է 21, իսկ Սարգսյանը` 2013թ. աշնան տվյալներով դեռևս միայն 10 մարզպետ:

Անկախության առաջին տարիների ընթացքում կուսակցական պատկանելությունը պակաս կարևոր գործոն էր քաղաքական բարձր մակարդակի նշանակումների համար: Նախարարների 90 %-ից ավելին, ով պաշտոնավարել է տերպետրոսյանական ժամանակահատվածում, որևէ կուսակցության անդամ չի եղել, իսկ մարզպետների միայն կեսն էր հայտարարել իր կուսակցական պատկանելության մասին. նրանց միայն մեկ քառորդն էր ՀՀՇ-ի անդամ: Նախարարների գրեթե կեսը և մարզպետների մեկ երրորդը նախկին Կոմկուսի անդամներ էին, ովքեր ձեռք էին բերել տարածքային և մասնագիտացված ոլորտների կառավարման մեծ փորձ:

Զուտ պրոֆեսիոնալիզմի վրա հիմնված նշանակումները տարածված էին Ռ. Քոչարյանի պաշտոնավարման առաջին ժամկետում, սակայն հետագայում նախարարների պարագայում կուսակցական պատականելությունը դարձավ առավել հաճախակի հանդիպող երևույթ: Երկրորդ նախագահի պաշտոնավարման ընթացքում նշանակված նախարարների 38 %-ը և մարզպետների 68 %-ը կուսակցության անդամներ էին: Նորանշանակ մարզպետների գրեթե կեսը և նախարարների մեկ հինգերորդը ներկայացնում էին ՀՀԿ-ն: Տեր-Պետրոսյանի համեմատ Քոչարյանը պակաս չափով էր ապավինում գործադիր մարմնում համանման պաշտոններում աշխատանքային փորձ ունեցող կադրերին:

ԱԺ-ում մի քանի կուսակցությունների քաղաքական կշռի մեծացումը (ՀՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ և հետագայում՝ ԲՀԿ) անխուսափելիորեն հանգեցրեց կոալիցիոն կառավարությունների ստեղծմանը, որոնք գործադիր իշխանության տիրույթում քաղաքական էլիտայի հավաքագրման հիմնական խողովակները դարձան: Կուսակցական շրջանակներից նշանակումների ավանդույթն առավել ընդգծվեց Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ` թվային արտահայտությամբ հասնելով նորանշանակ նախարարների դեպքում` 80 %-ի, իսկ մարզպետների շրջանում` 70 %-ի: Այս գործադիր մարմիններում մի կողմից նշանակվում էին մարդիկ, ովքեր երկար տարիներ հավատարիմ ծառայել էին կուսակցությանը, իսկ մյուս կողմից` նրանք, ովքեր դարձել էին կուսակցության անդամ միայն նշանակման նախօրեին: Սարգսյանի աշխատակազմի հավաքագրման քաղաքականությունը հիմնվում է դեռևս Քոչարյանի պաշտոնավարման ժամանակահատվածում կոնկրետ ոլորտներում հայտնի և բավականին երկար ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցրած, ազդեցիկ, ոչ կուսակցական, պետական կառավարման մեծ փորձ ունեցող անձանց վրա:

Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում գործադիր իշխանության ընդհանուր քաղաքական կազմն ավելի կայուն էր, և նոր նշանակումները կատարվում էին կոալիցիայի փոփոխման կամ կոալիցիոն կուսակցության, մասնավորապես` ՕԵԿ-ի ներսում փոփոխությունների հետևանքով:

Հ.գ. Փոքր թվով նոր նշանակումները, գործադիր պաշտոններում երկարատև պաշտոնավարման ժամկետները և կուսակցությանն անդամակցելու պայմանն, այդ թվում` անկուսակցական նախարարների միացումը ՀՀԿ-ին, վկայում են այն մասին, որ գործում է գործադիր իշխանության ներկայացուցիչների հավաքագրման այն մոդելը, որի առանցքը պտտվում է կուսակցության անդամների փակ օղակի շուրջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել