Ես ավելի մեծ ոգևորությամբ կսպասեմ Կանկլավին՝ Հռոպի Պապի ընտրությանը, քան փետրվարի 18-ին: Քանզի չեմ հավատում, որ չեն կրկնվի բոլոր այն զեղծարարությունները, որոնք բավականին հմտորեն կազմակերպվել ու իրագործվել են ՀՀ իշխանությունների կողմից: Անձնագրային տվյալների հավաքագրումը, թաղային հեղինակությունների ակտիվանալը միայն խոսում են այն մասին, որ կրկնվելու է այն, ինչ եղել է նախորդ ընտրություններում... 
Մի բան կա էլի, որ ինձ զարմացնում է, ինչպե՞ս են կանգնելու հետո ասեն, որ ընտրություններն անցել են առանց խախտումների, առանց վաղօրոք կազմակերպված մարդկային կարծիքների ճնշման... Ի՞նչ խղճով էլի որոշ ՀՀԿ-ականների լեզուները կպտտվեն էդ ասելու համար...
Բայց հավատացեք, որ կգտնվեն նման անձինք, ովքեր նախ կփորձեն խաբել իրենք իրենց ու հետո խաբել մնացածին:  
Փորձենք ռեալ գնահատել այն իրավիճակը, որը կա ներկա պահին:
Պետռեգիստրի տվյալների համաձայն՝ ընտրացուցակներում ընտրողների թիվը կազմում է ավելի քան 2,5 միլիոն: Տարրական հարց է առաջանում. որտեղի՞ց ՀՀ-ում այդքան ընտրող: Ըստ նույն պաշտոնական տվյալների՝ ՀՀ ամբողջ բնակչության թիվը 2,8 միլիոն է: (Սա միայն պաշտոնական տվյալների համաձայն): Ստացվում է, որ 0-ից մինչև 17 տարեկան ՀՀ բնակիչների թիվը չի գերազանցում 300 հազարը: Տարօրինակ թվեր են ստացվում, համաձայն չե՞ք:
Որոշ օլիգարխիայի ներկայացուցիչներ, ովքեր ունեն տասնյակ հազարավոր աշխատակիցներ, դեռ ամիսներ առաջ սկսում են անձնագրային տվյալների հավաքագրում, ավելին՝ ոչ միայն աշխատակցի, այլ նաև ընտանիքի մյուս անդամներինը նույնպես: Կրկին հարց կառաջանա: Ինչո՞ւ: Տարօրինակ է, բայց փաստ, որ այդ անձինք միևնույն է այսպես թե այնպես աշխատանքը չկորցնելու վախից գնալու են ընտրության: Այդ դեպքում ի՞նչ նպատակ են հետապնդում նման գործողությունները: Արդյո՞ք այդ ամենը չի նպաստում ընտրացուցակներում ընտրողների թվի թվաբանական պրոգրեսիայի պես աճին: Պատասխանը թողնում եմ բոլոր նրանց խճին, ովքեր այդ ամենը կազմակերպում են...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել