Բաքվում՝ Ադրբեջանի, Իրանի ու ՌԴ-ի նախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ պայմանավորվել են զարգացնել առևտրա-տնտեսական, քաղաքական, հումանիտար կապերը, ինչպես նաև ակտիվացնել Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի կյանքի կոչումը:
Բաքվում կայացած Ադրբեջան-ՌԴ-Իրան եռակողմ ֆորմատով հանդիպումը դառնալու է պարբերական՝ հաջորդ հանդիպումը հավաբար կայանալու է Իրանում՝ այդ երկրի նախագահն առաջարկել է հաջորդ հանդիպումն անցկացնել իրենց երկրում:
ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, որ Ադրբեջանը հետաքրքրված է ռուսական МС-21 ինքնաթիռների գնմամբ, ինչպես նաև կողմերը պայմանավորվել են, որ Ադրբեջանում ստեղծվելու են ուղղաթիռների վերանորոգման և ավիացիոն գործարաններ: Ռոգոզինը նշել է, որ Ադրբեջանում շատ են խորհրդային ու ռուսական արտադրության ուղղաթիռներն ու այժմ այդ ուղղաթիռների սպասարկումը, վերականգնումը տեղի է ունենալ հենց Ադրբեջանի տարածքում:
Ռոգոզինը նշել է, որ Բաքուն հետաքրքրված է նաև Руслан - АН124 ինքնաթիռով: Սա շատ ուշագրավ հայտարարություն է, քանի որ ՀՀ-ի ու ԼՂՀ-ի հետ փաստացի պատերազմի մեջ գտնվող Ադրբեջանը, որը շարունակում է ակտիվորեն զինվել՝ այդ թվում գնելով ՌԴ-ի նորագույն հարձակողական զենքեր, փորձում է ինքնաբավ դառնալ նաև ուղղաթիռների և ինքնաթիռների վերականգնման և սպասարկման առումով, այսինքն պատերազմական վիճակում ուղղաթիռների տեխսպասարկումն ու վերականգնումը լինելու է ավելի օպերատիվ ու Ադրբեջանը չի սպասելու, թե երբ են ուղղաթիռները վերազինվելուց հետո վերադառնալու ՌԴ-ից:
Ինչ վերաբերվում է Руслан - АН124 ինքնաթիռին, ապա այն համարվում է ամենախոշոր ռազմա-տրանսպորտային ինքնաթիռներից մեկն ու Ադրբեջանը այդ ինքնաթիռը գնելով կկարողանա մեծ քանակությամբ զենք և զինամթերք, անգամ զորքեր տեղափոխել աշխարհի ցանկացած անկյունից: Ադրբեջանը պայմանավորվել է նաև Ուկրաինայից АН-178 ինքնաթիռների գնման մասին, որոնք նույնպես ռազմա-տրանսպորտային ավիացիայի դասին են պատկանում:
Ադրբեջանը գնել է մեծ քանակությամբ հարվածային ուղղաթիռներ՝ այդ թվում ռուսական ու թուրքական, որոնք օգտագործվելու են Ղարաբաղի դեմ, այսինքն ՌԴ-ի հետ ռազմա-տեխնիկական կոպերացիան բարձրանում է նոր մակարդակի ու ընդգրկում նոր ոլորտ՝ ուղղաթիռների վերազինում ու սպասարկում Ադրբեջանի տարածքում: Ինչ վերաբերվում է Իրանին, ապա Թեհրանն առաջարկել է Ադրբեջանին ստեղծել համատեղ բանկ՝ տնտեսական կապերն ակտիվացնելու համար: Իրանը նաև Ադրբեջանում մեքենաների արտադրության գործարան է կառուցելու, Ադրբեջանի հետ կարող է միավորել էներգետիկ համակարգը, տրանսպորտայինը՝ Հյուսիս-Հարավ, ինչպես նաև բեռնափոխադրումների հոսքն ուղղելու է Ադրբեջանով դեպի ՌԴ ու Վրաստան՝ Ադրբեջանը երեք տարով ճանապարհային հարկուց ու այլ տուրքերից ազատել է իրանական բեռնափոխադրողներին:
Ադրբեջանը խորացնում է իր էներգետիկ-տրանսպորտային կապերը երկու տերությունների՝ ՌԴ-ի ու Իրանի հետ, որպեսզի այդ երկրներին հետ պահի ՀՀ-ի հետ ռազմավարական կապերի ամրապնդումից՝ մրցակցելով Երևանի հետ նաև Մոսկվայի ու Թեհրանի հետաքրքրությունը դեպի Ադրբեջան ուղղելու, ինչպես նաև Մոսկվայի հետ ռազմա-տեխնիկական կոոպերացիան ամրապնդելով կրկին անգամ ՀՀ-ում հակառուսական տրամադրություններ հրահրելու համար: Բացի այդ, նրանք ցանկանում են մի կողմից հավասարակշռել թուրքական ազդեցությունը՝ շիական Ադրբեջանն նոր ծրագրեր է իրականացնում շիական Իրանի հետ, ինչպես նաև Արևմուտքի ազդեցությունը՝ ամրապնդելով ռազմավարական կապերը Բրյուսելի ու Վաշինգտոնի հակառակորդ՝ Մոսկվայի հետ: Ադրբեջանն ընտրել է արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի ռազմավարություն՝ հենման մի քանի կետեր՝ Արևմուտք, Թուրքիա, ՌԴ, Իրան, ինչու ոչ նաև Իսրայել ունենալու համար՝ այդ կենտրոնների հնարավոր միակողմանի ճնշումներին դիմագրավելու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել