Հետաքրքիր հանելուկ է…Բոլորը դժգոհ են երկրից, բոլորը դժգոհ են կյանքից, բոլորը փոփոխություններ են երազում, բոլորը թշնամացած են, տխուր, տրտում, մտահոգ, անբավարարված…
Ե′վ պաշտոնյան, և′ գործազուրկը, և′ հայաստանաբնակը, և′ սփյուռքահայը, և′ սահմանամերձ գյուղերի, և′ Հյուսիսային պողոտայի բնակիչները: Մի խոսքով՝ երկիրը երկիր չէ…Բոլորը դժգոհ են, բոլորը մուննաթ…
Բայց գրեթե բոլորն էլ մեկ կամ մի քանի բնակարան, ավտմեքենա ունեն, որոնց կնախանձեն արտասահմանցիները, բոլորն էլ մոլերից, տոնավաճառներից, սուպերմարկետներից դուրս են գալիս գնումներով, սայլակները բեռնավորած, լցրած ապրանքներով, կրում են, տանում են… Բոլորն էլ՝ հատկապես խիստ դժգոհները, անբավարարվածները արձակուրդներն անց են կացնում առաջնակարգ առողջարաններում, լողափներում, իրենց արհեստական ժպիտներով, տկլոր կամ կիսատկլոր նկարներով, ստատուս-տեղեկատվություններով լցնելով սոցիալական ցանցերը…Բայց դժգոհելով երկրից ու իշխանություններից, դժգոհելով ապրուստից…
Բոլորն էլ հագնվում են արտակարգ, նորաձև, այնքան արտակարգ, որ երբ մի քրչոտ մարդ ես տեսնում Երևանի փողոցներում՝ բոմժի նման, ուրեմն հաստատ դա արտասահմանցի զբոսաշրջիկ է կամ Պարսկաստանի արտադրության ադրբեջանցի…
Բոլորն էլ սրճարաններում են, ռեստորաններում, փաբերում, քաղաքամերձ խորտկարաններում ու մոթելներում: Տեղ ու հաշիվ չկա մեքենաներին, չկա պարկինգի հնարավորություն, ասեղ գցելու տեղ չկա…
Դժգոհ են հիմնականում հենց սրանք, որոնց մեծ մասը աշխատանք ունի, սրճարաններ ու բիզնեսներ…Իրենք են հենց փողոց լցնողներին հրահրողներն ու կազմակերպողները՝ հենց իրենք, նաև այդ ամենը, նախկին պաշտոններն ու հնարավորությունները կորցրածները…
Դժգոհ են նաև թալանչիները, գանձագողերը, կաշառակերները, որ քիչ են գռփում ու չարաշահում…Մի խոսքով դժգոհ են բոլորն ու մուննաթ, դա արդեն ազգային առանձնահատկություն է դարձել ու սովորություն:
Բոլորը դժգոհում են անօրինականությունից ու անարդարությունից, սակայն ոչ մեկը չի ուզում պահպանել օրինականությունն ու արդարությունը:
Չէ′, երկիրը երկիր է, մենք մարդ չենք՝ բոլորս…Մենք չենք լիարժեք ու արժանապատիվ, մենք չենք նայում, թե մենք ով ենք, ինչ ենք, ինչ ենք արել այս երկրի, պետության, հարևանի, բարեկամի, հարազատի համար…Ինչ ենք ստեղծել, ինչ ենք արարել…Թե միայն թույն, անեծք ու հայհոյանք շպրտել, կամ մեր վարքով, պահվածքով արժանացել դրան…
Իսկ մենք՝ յուրաքանչյուրս լիարժե՞ք ենք, մենք անթերի՞ ենք մեր կյանքում…Չէ, դժվար է դա գիտակցել, առավել ևս այդպես ապրել, ավելի հեշտ է ասել՝ երկիրը երկիր չէ…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել