Ադրբեջանի ու Իրանի միջև տնտեսական հարաբերություններն ակտիվորեն զարգանում են: Այդ մասին Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ Բաքվում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:Բաքուն ու Թեհրանը երկկողմ հարաբերություններին նոր լիցք են տալիս իրականացնելով էներգետիկ-տրանսպորտային նախագծեր:
Ադրբեջանական Նեֆտեչալա քաղաքում նախօրեին դրվեց իրանական Իրան Հոդրո մեքենաների արտադրության գործարանի հիմքը՝տարեկան այնտեղ արտադրվելու է 10.000 ավտոմեքենա ու դա իրանական հերթական ներդրումն է ադրբեջանական տնտեսության մեջ:Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Շահին Մուստաֆաևի խոսքով, Իրանի ներդրումներն Ադրբեջանում կազմել են 1,5 միլիարդ դոլար: Ադրբեջանն իր հերթին Հյուսիս-Հարավ՝Ադրբեջան-Իրան երկագծի շինարարության համար Իրանին է տրամադրել կես միլարդ դոլարի վարկ՝նպաստելով այդ տրանսպորտային միջանցքի շինաշխատանքների արագացմանը:
Իրանի ու Ադրբեջանի միջև ամենախոշոր նախագիծն իհարկե ՌԴ-Ադրբեջան-Իրան՝Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքն է, որն ունի ինչպես երկաթգծային, այնպես էլ մեքենաների համար նախատեսված բաղադրիչներ: Ադրբեջանն այս կերպ վերածվում է ՌԴ-ը ու ԵԱՏՄ-ը՝ Իրանի ու Ծոցի երկրների միջև կապող օղակի, ինչպես նաև Հնդկաստանի համար ելք է ապահովելու ինչպես Սև ծովի՝Բաքու-Թբիլիսի-Բաթումիի ու Բաքու-Թբիլիսի-Կարսի օգնությամբ՝դեպի Թուրքիա, իսկ Հյուսիս-Հարավի օգնությամբ դեպի ՌԴ ու Եվրոպա:
Կողմերը զարգացնում են նաև զբոսաշրջային ոլորտը՝Իրանի քաղաքացիները կարող են հեշտացված ընթացակարգերով այցելել Ադրբեջան, իսկ մոտակա ժամանակներս բացվում է Նախիջևան-Թեբրիզ-Մեշհեդ՝Իրանն ու Նախիջանը կապող երկաթգիծ, որը կարող է դառնալ նաև տարանցիկ, եթե Կարսից երկաթգիծ կառուցվի մինչև Նախիջևան, ինչի մասին Բաքվի պաշտոնյաները նախկինում հայտարարել էին:
Տնտեսական հարաբերությունները իրոք զարգանում են՝իրանական ընկերությունները ցանկանում են օգտվել Ադրբեջանի գազային պահեստարաններից, ինչպես նաև ստեղծել Իրան-Ադրեջան-ՌԴ էներգետիկ կամուրջը՝էլեկտրաէներգիայի սեզոնային փոխանակման համար:
Քաղաքական հարաբերություններում առկա են որոշակի խնդիրներ՝թուրք-ադրբեջանական ու ադրբեջանա-իսրայելական ռազմավարական տանդեմների պատճառով, ինչպես նաև Անկարայից ու Բաքվից հնչող որոշակի նկրտումների մասին Իրանի ադրբեջանաբնակ հյուսիսային շրջանների հանդեպ: Սակայն տնտեսական շահերն այս պահին Թեհրանում ավելի բարձր են դասում, քան քաղաքական որոշակի անհամաձայնությունները՝Իրանը ցանկանում է մտնել Հարավային Կովկաս, ամրապնդել այնտեղ իրանական ներկայությունն ու հակակշռել թուրքական և ինչու ոչ նաև ռուսական ներկայությանը:
Այդ պատճառով Բաքու-Թեհրան ռազմավարական հարաբերությունները շարունակվելու են խորանալ, սակայն Իրանը միշտ էլ զգուշավոր է լինելու Ադրբեջանի հարցում՝Թուրքիայի, Իսրայելի ու Արևմուտքի հետ Իրանի դեմ հնարավոր կոալիցիա ստեղծելու հավանականության պատճառով, բացի այդ, Իրանը ցանկանում է հավասարաչափ զարգացնել հարաբերությունները նաև ՀՀ-ի հետ՝իրականացնելով ինչպես էներգետիկ-տրանսպորտային նախագծեր, այնպես էլ ներդրումային՝ԵԱՏՄ շուկա դուրս գալ այդ թվում ՀՀ-ն, որպես հարթակ օգտագործելու առումով: Սակայն Իրան-ՀՀ հարաբերություններում պակասում է դինամիկան՝առաջին հերթին տնտեսական, ինչպես նաև նոր գաղափարները, նոր ծրագրերը, իսկ հներն այնքան դանդաղ են առաջ շարժվում, որ Բաքուն այն օգտագործում իրանական բեռները, հոսքերը դեպի իր ենթակառուցվածքներն ուղղելու համար:
ՀՀ-ը պետք է նոր շունչ հաղորդի Իրանի հետ հարաբերություններին, հակառակ պարագայում հայ-իրանական հարաբերությունները կհանգեն հայ-վրացական հարաբերությունների մակարդակին՝կենացներ բարեկամության, եղբայրության մասին, սակայն տնտեսական իմաստով գրեթե զրոյական կապեր՝ներդրումներ, համատեղ ձեռնարկություններ, խոշոր նախագծեր, քաղաքական բովանդակալից օրակարգ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել