Մի հետաքրքիր բան:

20-րդ դարի պատմության մեջ խաղաղ անհնազանդության, կամ խաղաղ պայքարի բազմաթիվ դեպքեր ժողովրդավարացման ուղու վրա են դրել շատ երկրների: Խաղաղ պայքարի միջոցով փոփոխություններ են եղել, հետխորհրդային բազմաթիվ կոմունիստական բռնապետություններում, Մերձբալթյան տարածաշրջանում, Արևելյան Եվրոպայի սոցիալիստական ճամբարի երկրներում, Չիլիում, Մալիում, Մադագասկարում, Ֆիլլիպիններում, իսկ արդեն այս հազարամյակում Վրաստանում, Սերբիայում Ուկրիանայում (2004թ.): Խաղաղ պայքարի առանձնահատկությունն այն է, որ երկարաժամկետ գործընթացների շրջանակներում տվյալ երկրում փոփոխությունների ձգտող խմբերը դիմադրության օջախները տարածելով ողջ երկրով մեկ աշխատում են հանրության լայն շրջանակների հետ: Դա բերում է հասարակության ժողովրդավարացմանը և գործընթացներին ներգրավելուն: Այստեղ կա մի կարևոր հանգամանք ևս փոփոխության ձգտող խմբերը ստանալով լայն ժողովրդական աջակցություն, հետագայում արդեն վերահսկվում են նույն այդ առողջ և գործընթացների ընթացքում հասունացած և քաղաքացիական գիտակցություն ձեռք բերած հասարակության կողմից: Դրան հակառակ ոչ ժողովրդավարական ճանապարհներով` զենքով, բռնություններով, հեղաշրջումներով կամ նմանատիպ այլ ապօրինի գործողություններով իշխանության եկածները վերցնելով իշխանության լծակները, որոնց վրա հանրությունը չի ունենում ազդեցության լծակներ, սովորաբար լինում են ավելի բիրտ քան նախորդ վարչակարգերը: Պատմության մի քանի օրինակներ բերենք: 1959թ. Կուբայում զինված պայքարով եկան իշխանության գլուխ: Արդյունքում Բատիստայի դիկտատուրային փոխարինեց էլ ավելի այլանդակ կոմունիստական դիկտատուրան: 1968թ. հուլիսի 17-ին զինված հեղաշրջման արդյունքում Իրաքում «Բաաս» խմբավորումը Սադամ Հուսեյնի հետ միասին եկավ իշխանության: 1973թ. Չիլիում նույնատիպ եղանակով Սալվադոր Ալյենդեի վատ ռեժիմը տապալելով իշխանության եկավ Պինոչետը: 1980թ. արդեն Բոլիվիայում իշխանության գլուխ անցավ մեկ այլ բռնապետ Լուիս Գարսիա Մեսան: 1969թ. սեպտեմբերի 1-ին զինված պայքարի արդյունքում Լիբիայում Քադաֆին մի խումբ զինվորականների հետ վերցրեց իշխանությունը:1970թ. Սիրիայում զինված մեթոդներով, ռազմական հեղաշրջմամբ իշխանության է գալիս Հաֆեզ Ասադը: Հետագայում 2000թ. նրա մահվանից հետո իշխանությունը անցնում է որդուն` մեկ այլ բռնապետ Բաշար Ասադին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել