Նիգերիայի, Չադի, Կամերունի և Նիգերի որոշ հատվածներում ակտիվ գործող իսլամական ծայրահեղ արմատական «Բոկո Հարամ» կառույցի առաջնորդ Աբու Բաքր Շայքուն 2015 թ. մարտ ամսին հավատարմության երդում տվեց «Իսլամական պետության» (ԻՊ) խալիֆ Աբու Բաքր ալ-Բաղդադիին, իսկ կառույցը վերանվանվեց ԻՊ-ի «Արևմտյան Աֆրիկայի վիլայեթ»:

Կարճ ժամանակում ԻՊ-ի հիշյալ վիլայեթը Աբու Բաքր Շայքուի գլխավորությամբ դարձավ ամենադաժան ու արյունարբու ջիհադական պայքար մղող վիլայեթը (Աֆրիկայի այդ հատվածում իրականացվող ջիհադի հետևանքով զոհերի քանակով «Արևմտյան Աֆրիկայի վիլայեթը» գերազանցեց ԻՊ-ի մյուս վիլայեթներին): Փորձագիտական որոշ շրջանակների կարծիքով` վերոհիշյալ ցուցանիշով առաջնագծում հայտնվելու հանգամանքը պայմանավորված էր նաև կառույցի առաջնորդի` Աբու Բաքր Շայքուի անձով (Շայքուն աչքի էր ընկնում աննորմալ, հոգեպես խանգարված պահվածքով և դաժանությամբ):

Օգոստոսի 3-ին ԻՊ-ի ղեկավարությունը որոշեց փոխարինել Շայքուին Աբու Մուսաբ ալ-Բարնաուիով, ինչը նույն փորձագիտական որոշ շրջանակներ շտապեցին ներկայացնել որպես Աֆրիկայի այդ հատվածում ԻՊ-ի քաղաքականության չափավորում և բռնի գործողությունների որոշակի մեղմացում: Վերոշարադրյալի մեջ ճշմարտության հատիկ այնուամենայնիվ կա: Չմոռանանք, որ Աֆրիկա մայրցամաքում իրականացվող ջիհադը կարևորվում է ԻՊ-ի կողմից, իսկ Նիգերիայի, Չադի, Կամերունի և Նիգերի միջնամասում իսլամականների դաժանությունները հիշյալ երկրների բնակչության լայն զանգվածների վրդովմունքն էր առաջացրել` դժվարացնելով ջիհադի իրականացումն ու թուլացնելով վիլայեթի դիրքերը, ինչը պետք է հաշվի առնեին ԻՊ-ի առաջնորդները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել