Վերջին շրջանում ՀՀ առջև ծառացել էին բավականին լուրջ սոցիալ-տնտեսական, ինչպես նաև ազգային անվտանգությանն առնչվող մարտահրավերներ: Տևական ժամանակ, սկսած դեռևս 2015թ-ից, մեր տարածաշրջանում մեկը մյուսին հաջորդում էին լուրջ ցնցումներ, որոնք պարբերաբար հասարակությունում առաջացնում էին շոկային իրավիճակներ: Դրան գումարած արտաքին բեռնափոխադրումների չնախատեսված խնդիրները և միջազգային տնտեսական աճի դանդաղումը, ինչպես նաև առկա գնանկումային միջավայրը վտանգել էին երկրի առաջանցիկ տնտեսական աճի հեռանկարը:

Այս ամենի հետ մեկտեղ սույն թվականի առաջին կիսամյակի արդյունքներով նկատելի են որոշակի հաջողություններ, մասնավորապես, հունվար-հունիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 4.8 տոկոսով: Հարկ է նշել, որ սա հստակ խթանվող արտահանման ուղղված քաղաքականության առաջին արդյունքներն են: Արտաքին առևտրաշրջանառության աշխուժացման արդյունքում արդյունաբերական արտադրանքի ծավալների աճը անցած ամիսներին կազմել է 8.9 տոկոս:

Փաստենք, որ արտաքին առևտրի հաշվեկշռի դեֆիցիտը ևս նվազել է, սակայն ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի արտաքին առևտրի դեֆիցիտի նվազման հիմնական գործոն է հանդիսացել արտահանման աճը, այլ ոչ թե ներմուծման նվազումը: Նշեմ, որ չնայած ներքին սպառման կրճատմանը, վերջին մեկուկես տարվա տնտեսական աճն ապահովվել է արտաքին առևտրի շնորհիվ: Պետք է նկատել, որ տնտեսության որոշակի աճը դեռևս չի ուղեկցվել բարեկեցության բարձրացմամբ, և հասարակ քաղաքացին այն չի նկատում իր առօրեայում և դրան հասնելու համար հարկավոր է հստակ հետևողական ու ուղղորդված տնտեսության բարելավման քայլեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել