Տղերք, սրանք ուրացող ենք ՝ զգույշ եղեք.

Գրածս ոչ մի կապ չունի վերջին դեպքերի հետ: Այս անհանգստությունը վաղուց է սրտիս դարդ եղել: Մեր ազգը դարձել է զոհ սիրող ու զոհ հերոսացնող ազգ: Ցանկացածին հարցրնես՝ քանի՞ Արցախյան հերոս գիտես, թվարկած բոլոր անունները զոհվածների անուններ կլինեն: Մենք հերոսացնում ենք Մոնթեին, բայց պիտակավորում ենք Ժիրայր Սեֆիլյանին /կռված Ժիրոյին, ոչ թե քաղաքական գործիչ/: Մենք հորսացնում ենք Ռոբերտ Աբաջյանին, բայց մոռանում ենք նրա զինակից ընկերների մասին, ովքեր կենդանի մնացին, այն 3 հոգին, ովքեր կարողացան ողջ մնալ: Մենք նրանց անունները անգամ չենք իմանում: Մենք հերոսացնում ենք կապիտան Ուրֆանյանին, բայց մոռանում ենք մայոր Մալոյանին, ով 4 հոգու օգնությամբ կարողացավ հետ վերցնել 150 ազերիով լցված Ուրֆանյանի դիրքը:

Արցախյան պատերազմին մասնակցած քանի՞ մարտիկի ենք անուն կպցրել: Կոմանդոսից սկսած ու մեզ անհայտ ողջ մնացած հերոսից վերջացրած, մեկը մի բան կգտնի ու անուն կդնի՝ թալանել են, գնացել հանգստացել են, ոչ մի բան չեն արել և այլն: Այդ մարդկանց անցած ուղուն անուն ենք դնում միայն նրա համար , որ ժամանակին ողջ են մնացել ու հիմա կարողանում են սեփական կարծիք հայտնել: Մարդը իր ապրած կյանքում շատ բաներ կարող է սխալ կամ ճիշտ անի, շատ դեպքում կարող է քո հետ չհամաձայնվի, բայց դա քեզ իրավունք չի տալիս անուն դնես նրա անցած ճանապարհի ամենավտանգավոր հատվածին:

Ապրիլյան պատերազմի քանի՞ կենդանի հերոսի անուն գիտեք: Մե՞կ, երկու՞ կամ երե՞ք: Իսկ զոհվածների անունները , որ հարցնեմ հաստատ հերթականությամբ կասեք: Մեր երկրի ղեկավարությունը , բոլորին անուն դնելով ու սևացնելով, մեզ հասցրեց զոհ սիրող ու ողջերին ուրացողի կարգավիճակին:

Վախենում եմ 20 տարի հետո , ներկայիս ծառայություն իրականացնող տղերքին մեղադրենք 800 հեկտարի կորուստի մեջ: Ամբողջ մեղքը գցենք նրանց վրա, մունաթ գանք , պահանջենք: Նրանցից մեկը , եթե մի օր որոշի զբաղվի քաղաքականությամբ, հայհոյենք, դավաճան անվանենք, պահանջենք այդ 800 հեկտարը: Շատ արագ մոռանանք այսօրվա հերոսությունները ու նրանց մեղադրենք, որ Ռոբերտի հետ չեն զոհվել: Այո տղերք, մենք ողջերին ուրանում ենք, բայց դուք զգույշ եղեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել