Վերջին շրջանի ցավալի իրադարձությունների համատեքստում տեսակետներ են հնչում, որ իբր թե խաղաղ պայքարով, այս երկրում հնարավոր չէ հասնել համակարգային փոփոխությունների: Մի կողմ թողնելով այն, որ բռնությամբ, զենքի և նմանատիպ ապօրինի միջոցներով փոփոխության ժամանակ փոփոխության ձգտող խմբերը հավասարվում են իշխանությանը և մտնում են այն դաշտ, որտեղ միշտ առավելությունը իշխանության կողմն է, և որպես կանոն իշխանությունը այդ ընդվզումները ճնշելով ավելի բիրտ և ավտորիտար է դառնում, պետք է նշել, որ խաղաղ պայքարով փոփոխության հասնելու հնարավորություններ կան: Նույնիսկ պատմական փորձով է դա ապացուցված: Խաղաղ անհնազանդության կամ խաղաղ պայքարի միջոցով, Գանդին հաջողությամբ սկիզբ դրեց Հնդկաստանի ապագաղութացման գործընթացին: Մարտին Լյութեր Քինգը 1950-60-ականների Ամերիկայում հսկայական հաջողություններ գրանցեց «սևամորթների և քաղաքացիական իրավունքների համար պայքարում», զգալիորեն նպաստելով երկրի ժողովրդավարացմանը: 1988թ. չիլիացիների տասնամյակից ավել տևած խաղաղ պայքարի և հանրաքվեում հաղթելու արդյունքում իշխանությունից հեռացավ Պինոչետը: 1989թ. հունիսին լեհական «Սոլիդարությունը» շուրջ 9 տարի տևած խաղաղ պայքարից հետո ընտրություններով հաղթեց Արևելյան եվրոպայի ամենադաժան բռնապետերից մեկի գեներալ Յարուզելսկու կոմունիստական ռեժիմին: Ընդհանրապես այդ շրջանում առանց զենքի քանդվեցին և ժողովրդավարության ուղի բռնեցին Չեխոսլովիակիայի Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Արևելյան Գերմանիայի կոմունիստական բիրտ ռեժիմները: 1980-ականներին Հարավային Աֆրիկայի ժողովուրդը փայլուն կերպով կիրառելով խաղաղ անհնազանդության ամենարդյունավետ գործիքներից մեկի բոյկոտի տեխնոլոգիան լրջագույն վնաս հասցրեց «Ապարտեիդի» ռեժիմին, նպաստելով երկրում ժողովրդավարացմանը, որը իր հերթին նպաստեց «Ապարտեիդի» ռեժիմի կազմալուծմանը: Լեհերը, կոմունիստական այլ բռնապետությունների ժողովուրդները, չիլիացիները, հարավ աֆրիկացիները շատ ավելի ավտորիտար կամ տոտալիտար համակարգերում են ապրել և կարողացել առանց զենքի փոփոխություններ իրականացնել սեփական երկրներում: Նրանց ամենակարևոր հաղթաթուղթը եղել է այն, որ փոփոխության ձգտող խմբերը ունեցել են խաղաղ պայքարի տեսլական և հստակ մշակված ռազմավարություն, քայլերի հաջորդականություն, ինչպես նաև ամենակարևորը ամենօրյա հալածանքների, բանտարկությունների, մարզադաշտերում գնդակահարությունների ներքո կարողանում էին պերմանենտ աշխատանք տանել ժողովրդի հետ ներգրավելով նրանց հասարակական գործընթացներում, դարձնելով շահառու, նպաստելով այդ երկրներում ժողովրդավարացման մթնոլորտին ավելացմանը, հասարակության քաղաքացիական գիտակցության աճին և վայելելով նրանց ժողովրդական աջակցությունը: Օրինակ Լեհաստանում, Գեներալ Յարոզելսկու հայտարարած արտակարգ դրությունից հետո (1981 թ. դեկտեմբեր-1983 թ. հուլիս) շուրջ 10 հազար մարդ ձերբակալվեց, իսկ հարյուրավորները սպանվեցին, սակայն դրան զուգընթաց «Սոլիդարություն» շարժումը փայլուն կերպով շարունակում էր՝ արդեն ընդհատակյա գործունեությունը: Շարժումը այն աստիճան ժողովրդականություն էր վայելում, որ գրեթե 1.5 տարի տևած արտակարգ դրության պայմաններում հասարակության համար տպագրվում էին շարժման հազարավոր թռուցիկներ: Վերջնարդյունքում ինչպես նշվեց 1989թ. այդ շարժումը ընտրությունների միջոցով հաղթեց կոմունիստական ռեժիմին: Իսկ հայկական իրականության պայմաններում մեր ընդիմադիր դաշտի զգալի մեռծամասնությունը շատ դեպքերում ընտրողներին հիշում են ընտրությունից ընտրություն, էլ ուր մնաց մարզային կամ համայնքային կառույցներ ունենան, ընտրությունների ժամանակ բոլոր տեղամասերում մարդիկ ունենան, վայելեն քաղաքացիների աջակցությունը և հաղթեն ընտրություններում կամ շարժումներում: Խաղաղ ճանապարհով փոփոխություն կա, ուղղակի դրա համար պետք է ջանք ու եռանդ, ինչպես նաև ժողովրդի հետ տարվելիք ամենօրյա աշխատանք, որպեսզի մարդիկ դառնան գործընթացների շահառու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել