Մեր տարածաշրջանի յուրաքանչյուր մայրաքաղաք կամ խոշոր հանգուցային կենտրոն և՛ Բեյրութի, և՛ Հալեպի վերածվելու լայն հնարավորություն ունի՝ թե՛ դրական, թե՛ բացասական առումով: Տարածաշրջանի երկրները բավական մեծ ներուժ և լուրջ կարևորություն ունեն աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական, ռազմավարական տեսանկյունից. տարբեր ձևաչափերով՝ առկա են աշխարհաքաղաքական, տարածաշրջանային գրեթե նույն խաղացողների շահերը, նաև բավական հզոր հարևան թշնամական պետության իրողությունը. նշված արաբական երկրների պարագայում՝ Իսրայելը:

Ինչպես Լիբանանում և Սիրիայում, այնպես էլ մեր տարածաշրջանի առանձին երկրներում առկա են նաև բազմաբնույթ խնդիրներ՝ ժողովրդավարության, պետական կառավարման, սոցիալական հավասարության, էթնո-դավանական խմբերի իրավունքների ոլորտներում, մեծ ծավալների հասնող կոռուպցիա, անթաքույց խտրական քաղաքականություն և այլն:

Ինչպես Լիբանանում և Սիրիայում, այնպես էլ մեր տարածաշրջանի առանաձին երկրներում առկա բազմաթիվ խնդիրներ իրենց լուծումը չեն ստանում բնական, օրինական եղանակներով՝ պետական կառավարման, քաղաքական համակարգերում տիրող իրավիճակով պայմանավորված, իսկ հասարակությունների էական հատված հուսախաբ է եղել խաղաղ, քաղաքական ճանապարհով խնդիրների հանգուցալուծմանը հասնելու հնարավորությունից:

Լիբանանում և Սիրիայում կուտակված խնդիրների լուծման համար, պատահել է, դիմել են ծայրահեղ միջոցների, զինված ըմբոստության: Քանի որ նշված երկրներն աշխարհաքաղաքական և տարածաշրջանային մեծ կարևորություն ունեին, այդ ընդվզման փորձերը արտաքին դերակատարների ակտիվ միջամտությամբ՝ բնակչության տարբեր շերտերին և միավորներին ցուցաբերված աջակցության միջոցով վեր են ածվել քաղաքացիական պատերազմների. Լիբանանում այն տևել է շուրջ 15 տարի, իսկ ներքաղաքական ճգնաժամը տարբեր դրսևորումներով շարունակվում է մինչ օրս: Սիրիայում ներքին զինված հակամարտությունն ընթանում է արդեն ավելի քան 5 տարի և դեռ երկար կշարունակվի:

Մեր տարածաշրջանի որևէ երկրում կուտակված խնդիրների լուծման համար ծայրահեղական, զինված մեթոդի կիրառման պարագայում լիբանանյան կամ սիրիական տարբերակների նման ընթացքը բացառված չէ՝ մանավանդ թե՛ ներքին, թե՛ արտաքին բաղադրիչների՝ գրեթե նույնությամբ առկայության իրողությամբ պայմանավորված: Օրինակ, Երևանում, նմանատիպ գործընթացի օրերս ականատես եղանք, բայց այն չզարգացավ և հասավ իրավիճակային հանգուցալուծման որոշակի հանգրվանի՝ կուռ իշխանության և բանական զինված խմբավորման սթափ և խոհեմ գործելաոճի արդյունքում: Իսկ ընդհանուր արդյունքում՝ թե՛ արտաքին, թե՛ ներքին որոշ դերակատարների ձեռքերն այդպես էլ մնացին օդում՝ այժմ արդեն նոր արկածախնդիրների որոնման մոլուցքով...

Հ.Գ.1. Լիբանանը և Սիրիան Հայաստանի և հայ ժողովրդի համար չափազանց մեծ կարևորություն ունեցող երկրներ են. նրանց պատմական զարգացման որոշ օրինաչափություններ կարող են մեր երկրի համար նաև ուսանելի լինել: Իսկ Բեյրութն ու Հալեպը նաև հայերիս համար նշանակալից պատմամշակութային կենտրոններ են, և այնտեղ առկա ճգնաժամային իրավիճակների շուտափույթ հանգուցալուծումը բխում է նաև Երևանի շահերից...

Հ.Գ. 2. Երևանում, ի տարբերություն այսօրվա Բեյրութի և հատկապես Հալեպի, ահաբեկչություն չկա, Հայաստանը տարածաշրջանի ամենակայուն և անվտանգ երկրներից է. մեր երկրի հետ են կապված տարածաշրջային կարևորության մի շարք առևտրատնտեսական, քաղաքական ծրագրեր, մեր երկիրը նաև համաքրիստոնեական ուխտատեղի է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել