EXCLUSIVE

«Եվրատեսիլ 2015»-ին Հայաստանը ներկայացրած «Genealogy» խմբի անդամ Թամար Կապրելյանն այս օրերին Երեւանում է: Թամարը երկու շաբաթով էր եկել Երևան. նա հիմնադրել է «Նվակ» երաժշտական նախագիծը, որը կապում է հայ երիտասարներին երաժշտության հետ: Երգչուհին շատ է կարևորում երիտասարդների հետ իր շփումը: Օրերս BlogNews.am–ը հետաքրքիր օր է անցկացրել երգչուհու հետ՝ լուսանկարել և զրուցել: 

«Շատ կարևորում եմ իմ այցի նպատակը և նախագծի ստեղծումը: Շատ տաղանդավոր են հայ երեխաները՝ բարի և ուրախ: Ես նրանց հետ շատ լավ ժամանակ եմ անկացրել. ուրախ եմ, որ այսպիսի լավ սերունդ ունենք: Ես հույս ունեմ, որ «Նվակ»-ը երկար կյանք կունենա և ես ավելի հաճախ կգամ Երևան»,-նշեց Թամարը:

Թամարի հետ խոսեցինք նաև Իվետա Մուկուչյանի ելույթի մասին. «Իվետայի ձայնը շատ զարմանալի է, նա շատ տաղանդավոր երգչուհի է: Շատ եմ հավանել նրա երգը, բայց այն բավականին բարդ էր: Հրաշալի ելույթ էր, իսկ նրա աչքերում անգամ վախ չկար: Ես ուրախ եմ, որ նրա ելույթն այդքան լավ ընդունվեց և մարդկանց կողմից սիրվեց»: 

Երգչուհին պատմեց, որ այս ընթացում տեսահոլովակ է նկարահանել, որը ի դեպ հայերեն լեզվով է. «Հայերեն երգ է, կոչվում է «Սարերի հովին մեռնեմ», կատարում ենք Լարիսա Հովհաննիսյանի հետ: Տեսահոլովակը նկարահանել է Կարինը՝ Լարիսայի ամուսինը: Չնայած առաջին անգամ եմ հայերեն երգում, բայց հաջող ստացվեց: Հայերեն երգելն այնքան էլ դժվար չէր»: 

Թամարը երևանցիներին շատ է հավանել. ասում է, որ նրանք շատ ընկերասեր են. «ԱՄՆ-ում այդպես չէ, ավելի շատ չոր և գործնական հարաբերություններ են: Շատ եմ սիրում հայկական մշակույթը, իսկ այս ընթացքում այնքան բարի և լավ մարդկանց հետ եմ ծանոթացել»: 

Իսկ այն հարցին, գուցե ապագա ամուսինն էլ հայ լինի՝ Թամարը պատասխանեց. «Խոստովանեմ, որ երկուս ամսից ամուսնանում եմ: Ամուսինս հայ չէ, լիբանանցի է: Ամեն բան արդեն պատրաստ է, մենք Ֆրանսիայում կամուսնանք: Հարսանեկան զգեստս էլ ընտրել եմ, այն կաթնագույն է և  բավականին նուրբ: Զգեստիս հեղինակը Մոնիք Լուեն է: Շատերի համար էր իմ հարսանիքը նորություն, քանի որ ես չեմ սիրում անձնականիս մասին խոսել, բայց հասկանում եմ որ ես հանրային մարդ եմ և մարդկանց հետաքրքիր է»: 

Խոսելով ապագա ամուսնու մասին՝ երգչուհից նշեց. «Ես այնքան ուրախ եմ, որ իմ կողքին այնպիսի մարդ է, ով բացարձակ ինձ չի սահմանափակում: Ես ամուսնանալուց հետո էլ կշարունակեմ երգարվեստով զբաղվել: Նա շատ լավ գիտի, թե որքան կարևոր է ինձ համար երաժշտությունը և ես իրոք հաջողակ եմ, որ նրան եմ հանդիպել: »: 

«Ես շատ տարբեր երգեր եմ լսում, բայց իմ ամենասիրելի արտիստները Բիլի Ջոնն  և Փոլ Մաքքարթնին են: Սիրում եմ  Սերժ Թանկյանին և Սեպուհ Սիմոնյանին, նրանց ներկայացրած երգերը իմ ոճի մեջ են: Տիգրան Համասյանին էլ գիտեմ, նա էլ ինձ համար շատ տաղանդավոր է: Շատ կուզեմ նրա հետ ծանոթանալ»: 

«Ինձ համար կարևոր են, որ իմ երգերը լինեն անկեղծ և իրական էմոցիաներ փոխանցեն: Ես միշտ անկեղծ եմ լինում իմ հանդիսատեսի հետ: Հիմա երաժշտական ասպարեզում շատ արտիստներ բիզնեսի հետևից գնալով հաճախ վատ երգեր են երգում: Նրանք երգում են գումարի համար՝ մոռանալով զքացմունքայնության մասին: Այն ինչ անում եմ, սրտիցս է բխում»: 

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Արտ-տնօրեն՝ Կարեն Անտինյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել