Սիրելի հայաստանցիներ, Հայաստանից արտագաղթածներ, հայկական սփյուռքի հայրենակիցներ: Հայաստանում, բոլորդ գիտեք, ապրելը դժվար է: Հայաստանը, ինչպես բոլորդ գիտեք, ոչ իրավական, կոռումպացված, ավտորիտար երկիր է: Բայց բոլորդ չգիտեք, որ Հայաստանում ապրելը հետաքրքիր է: Այստեղ հենց հիմա երկիր է ստեղծվում: Դժվար, պայքարով, սխալվելով/սխալներով, ուղղելով/ուղղվելով, փորձ կուտակելով, ըմբոստանալով, հաշտվելով/չհաշտվելով, միմյանց հետ և մինյանց դեմ կռվելով հասունանում ենք: Մենք հասնելու ենք հարգված երկրի կարգավիճակին: Հասնելու ենք: Ձեզնից նրանց, ում համար կարևոր է հետաքրքիր ապրելը, ում հետաքրքրում է Հայաստանի կայանալը, ով ուզում է մասնակցել դրան՝ եկեք Հայաստան: Ձեզ համար այստեղ դժվար կլինի, ձեր նկատմամբ անարդարություններ կլինեն, ձեզ կասեն՝ գնա այնտեղ՝ որտեղից եկել ես: Անարդարություններ կլինեն ոչ միայն իշխանությունների կողմից, այլև հասարակության այլ շերտերի, խմբերի, անհատների կողմից: Ձեզնից ոմանց, գուցե, նույնիսկ կատեն: Այստեղ բազմաթիվ ստահակներ, հանցագործներ կան: Այստեղ բազմաթիվ կոնֆորմիստներ կան: Բայց այստեղ սերն ատելությունից շատ է, արդարությունն անարդարաությունից շատ է, ազնվությունն անազնվությունից շատ է: Այստեղ շատ վեճեր և ապրումներ կան և կյանքը միապաղաղ չէ: Այստեղ պայքար կա: Այստեղ դուք գուցե կկորցնեք ձեր հոգական անդորրը և կարգավորված կենցաղը: Այստեղ երբեմն գիշերներ շարունակ չեք քնի: Երբեմն շատ վիրավորված կզգաք: Բայց սյստեղ կյանքն իմաստավորված է շատերի համար: Տարբեր ձևերով և տարբեր բովանդակությամբ:
Եթե հետաքրքիր ապրելը ձեզ համար կարևոր է՝ եկեք Հայաստան: Ամենաշատը, որի կարիքը մեր երկիրն ունի, մարդն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել