Ինչպես և սպասվում էր, խաղաղ հանգուցալուծմանը հաջորդեց ստեղծված իրավիճակի հետևանքով առաջացած գերհուզական և ԱՊԱՔԱՂԱՔԱԿԱՆ մթնոլորտի հետալիքը, որը դեռ երկար կշարունակվի, բայց, առաջ անցնելով, մի քանի իրավիճակային իրողություններ արձանագրենք:
15 օր շարունակ մեր երկրում տիրում էր անցնող 25 տարիների ընթացքում ձևավորված ապաքաղաքական կամ հակաքաղաքական մթնոլորտ: Այս ընթացքում մի շարք հետաքրքիր փաստեր արձանագրվեցին, որոնց մասին, կարծում եմ, կարելի է խոսել հիմա, բայց կան այլ բազմաթիվ վերլուծության առարկա հանգամանքներ, որոնց համար ներկայիս իրավիճակը չափազանց հուզական է:
Եվ այսպես.
1. Անցնող 15 օրերին քաղաքական հին ուժերն իրենց կեցվածքով հիմնավորեցին անցնող 4 տարիների ընթացքում մեր կողմից բազմիցս բարձրաձայնված «քաղաքական համակարգն ամբողջական կոլափսի մեջ է» թեզը:
2. Տեղի ունեցածին քաղաքական գնահատականների բացակայությունը փողոցում ձևավորեց սպոնտան և անկառավարելի իրավիճակ:
3. Ոստիկանությունն ինչպես միշտ իր «բարձրունքում» էր և ավելի թեժացրեց վիճակն իր հակաօրինական և բիրտ մեթոդներով, ինչը կանխատեսելի էր, սակայն զարմանալի էր ոստկանական ուժերի հետ ժողովրդին բախման տանող «գործիչների» զարմանքն այն պարագայում, երբ իրենք բազմիցս ավելի կոպիտ գնահատականներ էին տվել ոստիկանական ուժերին և իշխանությանն ամբողջությամբ:
4. Ստեղծված իրավիճակի առաջացրած հուզական ֆոնն այնքան բարձր աստիճանի էր, որ անգամ բազմաթիվ ինտելեկտուալ մարդիկ տրվեցին դրան և որոշ դեպքերում անգամ կորցրեցին բանականության և իրականության զգացողությունը:
5. Բազմաթիվ ձախողված փորձերից հետո վերջապես 5-րդ, թե 6-րդ օրը ձևավորվեց այսպես կոչված «հակաճգնաժամային համակարգող խումբը» (Նիկոլի մասին առանձին), որն իր գործողություններով ուղղակիորեն ավելի ապաքաղաքական դարձրեց փողոցը և այդպես էլ չկարողանալով քաղաքական տեքստ բերել հարթակ՝ լուծարվեց նախքան իրավիճակի հանգուցալուծումը:
6. Հերթական անգամ ապացուցվեց, որ քաղաքական լինելուց բավականին հեռու գործողության հաշվին էժանագին քաղաքական դիվիդենտներ հավաքելու փորձերը դատապարտված են ձախողման: Իսկ արդեն իրավիճակի խաղաղ հանգուցալուծումից հետո այդպիսի ուժերին/անհատներին ընդամենը մնում է անել այն, ինչ հիմա անում են (տարատեսակ սրտաճմլիկ և աղեկտուր մեկնաբանություններ, խմբի նկարներով կիսվել, լացել, անիծել բախտը և վերջապես ասել, որ «սա դեռ սկիզբն է»)
7. Առավել քան վստահ եմ, որ դաշտում առկա որոշակի մարգինալ խումբ՝ կուսակցություններ և «ԱԻՄաժառանգությունատիպ» կիսակուսակցություններ շատ շուտով սկսելու են կռվել «Սասնա Ծռեր» անվանումով նախընտրական քաղաքական դաշինքի ստեղծման բացառիկ իրավասության համար: Արդեն իսկ դաշտում կան նմանատիպ մարդիկ, ովքեր խոսում են վերոգրյալի մասին:
Հ.Գ. Թե ով և որքան օգուտներ քաղեց հուլիսի 17-ից սկսված ներքաղաքական լարվածությունից, առանձին քննարկման առարկա է, բայց, որ այդ ամենից դեռևս ամենամեծ օգուտը քաղել է իշխող կուսակցությունն իր արբանյակ կուսակցություններով, թերևս, բանականության սահմաններում տեղավորվող հետևություն է:
Հա, մեկ էլ մի շաաաատ կարևոր դիտարկում՝ ԽԱՂԱՂ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ԻՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈւՆՆԵՐԻ ՀԱՍՆԵԼՈւ ՃԱՆԱՊԱՐՀ ԿԱ !!!!!!!!!!!!!
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել