Իմ հրապարակումներում քանիցս խոսել եմ այն մասին, որ վերջին երկու տարիներն իսկական փորձաշրջան են հայ պետականության և հասարակության համար: Նախորդ տարի դա արտահայտվեց «Էլեկտրիկ Երևանով»: Փորձաշրջան էր նաև Սահմանադրական հանրաքվեն՝ իր նախընտրական և հետընտրական կրքերով, գործընթացին բնորոշ ինտրիգներով: Տարին ամփոփեցինք նստացույցների շարքով:

2016-ին տեսանք ապրիլյան օրեր, որին հետևող կարճ դադարին հաջորդեցին հուլիսյան շիկացած երևանյան օրերը: Ինչ հասկացանք և ինչ պետք է վերաիմաստավորել, ավելին՝ փոփոխել:

Առաջին՝ հասկանալի դարձավ, որ երկրում իշխանություններից դժգոհողների թիվը մեծ է և ցանկացած առիթ կարող է կայծ հանդիսանալ նրանց բողոքը բարձրացնելու համար: Այն փաստը, որ ՊՊԾ գնդի գրավումն աստիճանաբար սոցիալական բնույթ ստացավ՝ տեսանելի էր բոլորիս: Երկրի սոցիալ-տնտեսական խնդիրները բավականին շատ են և դրա համար անհրաժեշտ են շոշափելի և իրական քայլեր:

Երկրոդ՝ իշխանական ողջ ստրուկտուրայում հարկավոր են փոփոխություններ: Վերջին զարգացումների ժամանակ անընդհատ խոսվում էր ԱԺ արտահերթ նիստ գումարելու անհրաժեշտության մասին, սակայն հայտնի չէ, թե այս պահին ԱԺ պատգամավորներից քանիսն են երկրում. գուցե նրանց մեծ մասը մեկնել է «վաստակած» հանգստի:
Ըստ իս՝ պետք է վերանայել իշխանական ցուցակները, որպեսզի առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո ունենանք ավելի գործունյա և պրոֆեսիոնալ պառլամենտ:

Խնդիրներ կան նաև իրավական համակարգում. հատկապես ոստիկանության գործունեության մեջ պետք են արմատական փոփոխություններ: Սարի թաղում տեղի ունեցած դեպքերը, լրագրողների հանդեպ կիրառած բռնությունները խոսում են նշվածի մասին:

Փոփոխություններ պետք են բոլորիս` պետությունից սկսած, մինջև վերջին քաղաքացին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել