Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Սերժ Սարգսյանի` Շիրակի մարզում իր ցուցանիշները ցանկացած տոկոսով «խփելու» կարողության մասին հայտարարությանը, պարզաբանել է, որ գործող նախագահն ու իր թիմը, ունենալով վարկանիշի, ակնկալովող ձայների աճի ռեզերվ և, իհարկե, շատ ավելի մեծ կազմակերպական և նորարական պաշար, գիտակցված ընտրել է նախընտրական արշավի առավել մեղմ տարբերակ ու ՉԻ ԿԻՐԱՌՈՒՄ տեխնոլոգիական և ստեղծարարական զինանոցի ՈՂՋ ներուժը (ընդգծումը Աշոտյանինն է, սրբագրումը` իմը):
Սա այն բացառիկ դեպքերից է, որ պրն. Աշոտյանի հետ դժվար է չհամաձայնվել: Հասարակությունը այդ զինանոցի ողջ ներուժը բազմիցս զգացել է իր մաշկի վրա: Հիմա նախագահական ընտրությունների գնալը խաղ ու պար է` միտինգավորներին չեն սպանում, շենքերի շքամուտքերի մոտ չեն ծեծում, ճանապարհին վրաերթի չեն ենթարկում, վստահված անձանց չեն պահում օլիգարխների բունկերներում, մարդկանց չեն ազատում աշխատանքից, ուժային կառույցներում չեն ամորձատում: Հրաշալի է, չէ՞: Մարդիկ պարտադիր պետք է օգտագործե՞ն իրենց տեխնոլոգիական և ստեղծարարական զինանոցի ՈՂՋ ներուժը, որ խելքներդ գլուխներդ հավաքեք: Կարևորը ուղերձն է` ԱՌԱՅԺՄ չեն օգտագործում (ընդգծումը իմն է): Ջհանդամ, թե մեկ-մեկ նախագահի թեկնածուների վրա կրակում են: Դա մեծ պրոբլեմ չէ, մեր խելքի բանը չէ, իրենք իրենց մեջ կջրեն, կգնա:
Այնպես որ հանգիստ, առանց հակաիշխանական տրամադրությունների, կազմակերպված, կուռ շարքերով գնացեք ընտրությունների: Քանի դեռ տեխնոլոգիական և ստեղծարարական զինանոցի ՈՂՋ ներուժը չի օգտագործվել:
Վիվա Ֆիդել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել