Aravot.am–ը գրում է.

«Ժիրայրը, իմ կարծիքով, տղաներին կասեր՝ ինքնասպան եղեք». Սեֆիլյանի թիկնապահի դիտարկումները (ձայնագրություն)

«Վարուժին, Պավլիկին, Սեթոյին ճանաչելով՝ կարող եմ վստահ ասել, որ իրենք այն մարդիկ չէին, որ խաբեին ու խաբելով մարդ տանեին իրենց հետ, բացառվում է»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՊՊԾ գնդից այսօր ու օրեր առաջ դուրս եկած զինյալ խմբի երկու անդամների հայտարարություններին, թե իրենց ասել են՝ ցույցի ենք գնում ու տարել ՊՊԾ գունդ՝ ասաց «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի թիկնապահը՝ Գեղամ Սահակյանը:

Մեր հարցին՝ Ձեր կարծիքով, նրանց վախեցրե՞լ են կամ ստիպե՞լ նման հայտարարություններ անել, պարոն Սահակյանն ասաց. «Բոլորը նույն բանն են ասում, ոնց որ մի մարդ խոսի: Ինձ թվում է՝ ներսում պայմանավորվել են՝ եթե հանձնվենք, բռնվենք կամ դուրս գանք ՝այսպես ասենք: Չնայած՝ տղաներից մեկը, որ հեռախոսով խոսում էր մինչեւ դուրս գալը, էլի նույն բանն էր ասում: Բայց հնարավոր չէ գիշերով գային ու չիմանային՝ ուր են գալիս, որովհետեւ գիշերով միտինգ, երթեր չի լինում: Կամ էլ չի բացառվում, որ այդ տղաների դուրս գալուց հետո են նրանց ասում, որ այդպես ներկայացնեն իրավիճակը»:

Գեղամ Սահակյանը զինյալ խմբից դուրս եկած տղաների նմանատիպ հայտարարությունները, թե տեղյակ չէին՝ ուր են գնում, դավաճանություն է համարում խմբին:

Մեր հարցին, իսկ ովքե՞ր են այդ տղաները, որոնք դուրս եկան խմբից, ինչ դերակատարում են ունեցել «Հիմնադիր խորհրդարանում», պարոն Սահակյանը պատասխանեց. «Նրանց չեմ ճանաչում: 7-8 տարի է՝ Ժիրայր Սեֆիլյանին ճանաչում եմ, հետն ուր ասես եղել եմ, բայց Սպիտակում չենք եղել, նման բան չեմ հիշում, որ Սպիտակ գնացած լինենք: Այդ տղաներին ինչ-որ մեկը բերել է, բայց ով է բերել, չգիտեմ: Նրանք անծանոթ են»:

Հիշեցնենք, որ կան տեղեկություններ, որ խումբը լքած տղաները Սպիտակից են:

Մեր հարցին՝ իսկ Վարուժան Ավետիսյանն ու Պավել Մանուկյանը անվստահելի մարդկանց իրենց հետ կտանե՞ին, Գեղամ Սահակյանը շարունակեց. «Իհարկե ոչ: Նրանց հետ ճանապարհ չէին գնա: Պավելենք վստահել են այդ տղաներին բերողին: Խմբում մի տղա կար՝ Վանաձորից թե Սպիտակից, Արմեն անունով, երեւի ինքն է հետը բերել»:

Գեղամ Սահակյանի կարծիքով, զինյալ խումբը դատապարտված է ձախողման՝ հաշվի առնելով ոստիկանական գործողությունները խմբի անդամների նկատմամբ: Հիշեցնենք, որ վերջին օրերին վիրավորվել են խմբի մի քանի անդամներ, մեկ վիրավոր էլ գրանցվել է այսօր:

«Նրանք այդքան հնարավորություն չունեին… Նրանք ապուշություն են արել: Հնարավոր բան չէր այս երկրում նման բան անել»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանի թիկնապահը: Քիչ անց հավելեց. «Հայաստանում հնարավոր չի նման ճանապարհով գաս իշխանության կամ նման ճանապարհով քո ուզածին հասնես: Բացառվում է դա: Եթե ես իմանայի՝ հենց առաջինը ես կկանխեի»:

Մեր հարցին՝ ո՞րն էր այն սխալը, որը վնասեց զինյալ խմբին, պատասխանեց. «Այնտեղ կային մարդիկ, որոնք մեկը մյուսին չէին կարող հասկանալ: Վարուժանը չէր կարող Պավլիկին հասկանալ կամ Պավլիկը Վարուժանին: Վարուժին լավ եմ ճանաչում, ինքը վաստակ ունեցող գնդապետ է, ամեն լակոտ-լուկուտի հետ ճանապարհ չէր գնա, ինքը ծանր տղա է»:

Ժիրայր Սեֆիլյանը կողջունե՞ր զինյալ խմբի անդամների գործողությունները հարցին, Սեֆիլյանի թիկնապահը պատասխանեց. «Ոչ: Ժիրայրը, իմ կարծիքով, տղաներին կասեր՝ ինքնասպան եղեք… Թե չէ՝ ապուշություն էր ինչ-որ մի բան գրավել, ու այնտեղ վեր ընկնել, ավտո վառել՝ ասել մեզ հաց տվեք ուտենք: Դա լակոտություն է: Ուղեղի մեջ չի տեղավորվում: Նման բան ոչ Վարուժը կարող էր մտածել, ոչ էլ էն ալկոհոլիկ Պավլիկը: Տենց բան հնարավոր չէր»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել