ՀՀ-ը մտնում է պերմանենտ հեղափոխությունների շրջան.<<Ցույցեր-ճնշում-արտագաղթ>> բանաձևով

«Սասնա ծռեր» խումբը, որը 15 օր գրավված էր պահել ՊՊԾ գունդը, այսօր՝ հուլիսի 31-ին հանձնվում է ոստիկանությանը։
Երկու շաբաթ տևած ներքաղաքական այս բարդ իրավիճակը հանգուցալուծվեց այնպես, ինչպես և պետք է հանգուցալուծվեր: ՀՀ քաղաքական դաշտը ամայացել է՝քաղաքական կուսակցությունները դարձել են դեկորատիվ, բուտաֆորիկ կազմակերպություններ, որոնք համախմբված են այս կամ այն տնտեսական խմբի կամ բիզնեսմենի շուրջ ու հետապնդում է նեղ, խմբակային շահեր: Ընդդիմությունը թույլ է՝տարիներ շարունակ նրանք դուրս են բերել ժողովրդին փողոցներ՝հասարակությունը ենթարկվել է բռնաճնշումների, ընդդիմությունը հեռացել է տուն, իսկ խորը ապատիան, հիասթափությունն ուղեկցվել է հազարավոր ակտիվիտսների, քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող խմբերի արտագաղթով:
Այդ պատճառով ՊՊԾ գնդի գրավումը սահմանափակվեց մի փողոցով և մի քանի փոքրաթիվ երթ-ցույցերով՝մարզերը հիմնականում, բացառությամբ Գյումրիում որոշակի ակտիվության, մասնակից չդարձան այս ներքաղաքական բարդ ու խճճված գործընթացին:Քաղաքական կյանքը մարզերում մահացած է՝երիտասարդների հիմնական մասն ընդհանրապես չի հետաքրքվում քաղաքականությամբ, քաղաքական և քաղաքացիական գիտակցության մակարդակը ցածր է՝ընդդիմությունը, այլ կուսակցությունները՝ոչ իշխող ՀՀԿ, գրեթե զրոյական ազդեցություն ունեն մարզերում:
Բոլոր մարզպետները, քաղաքապետերն ու գյուղապետերը՝բացառություններով հանդերձ ՀՀԿ-ից են՝մարզերում բնակչությունը վախ զգալով իր աշխատատեղի համար, իր բիզնեսի, իր ֆիզիկական անվտանգության չեն մասնակցել երևանյան իրադարձություններին՝ԱԱԾ, ոստիկանության, օլիգարխիկ, կիսակրիմինալ խմբավորումները մարզերում հսկում են իրավիճակն ու ՊՊԾ դարձավ յուրահատուկ շրջափակված օազիս, իսկ այնտեղ գտնվող մարդիկ իշխանությունների կողմից տոտալ վերահսկողության տակ գտնվող ԶԼՄ-ներով ներկայացվեցին ահաբեկիչներ, իսկ երբ սպանվեցին և վիրավորվեցին ոստիկաններ, հասարակության տրամադրությունները Ծռերի հարցում սկսեցին տատանվել, իսկ այնուհետև փոխվել դեպի ապատիա՝<<միևնույն է բան չի փոխվելու>> տրամադրությունը համընդհանուր է:
Սակայն ՊՊԾ գնդի գրավումն աննախադեպ էր, զենքով իշխանության հրաժարական պահանջելը կարող է դառնալ շատ վատ նախադեպ ու թուլացնել պետականության հիմքերը՝ՀՀ-ը կարող է մտնել պերմանենտ հեղափոխությունների շրջան՝2017թ.-ին նախատեսված են ԱԺ ընտրություններ ու հասարակության շրջանում ոչ ոք չի կասկածում, որ լինելու են տոտալ ընտրակեղծիքներ, վախի մթնոլորտ ու հաղթելու է ՀՀԿ-ը՝դառնալով ԱԺ-ում մեծամասնություն, ինչը միայն դրդելու է քաղհասարակության ակտիվ հատվածին՝Ծռերի անհաջող իշխանափոխության փորձից ու ԱԺ-ի ընտրություններում կանխատեսելի արդյունքից հետո հեռանալ՝ՀՀ-ում գործում է փողոց-ճնշումներ-արտագաղթ սխեման: Հիասթափությունն ու սոցիալ-տնտեսական ծանր պայմանները դրդելու են հազարավորներին մեկընդմիշտ թողնելու ՀՀ-ը: Իսկ պատերազմի մեջ գտնվող ու բանակի համալրման հարց ունեցող երկրում մոբիլիացիոն ռեսուրսի նվազումը վտանգում է ազգային ու ռազմական անվտանգությունը, սակայն այստեղ փակ շրջան է: Ընտրություններով իրավիճակ, իշխանություն չի փոխվում, զենքով, ինչպես ցույց տվեց Ծռերի փորձը՝նույնպես անհաջողության մատնվեց: Բնակչության մի հոծ մասը համակերպվելու է տիրող իրավիճակին՝հնարավորության դեպքում արտագաղթելու ցանկությամբ, մյուս մասը՝պետական ապարատի, ուժային կառույցների ու իշխանամերձ շրջանակներին ձեռնտու է այս իրավիճակը՝ճահճացման ժամանակ կարելի է չգնալ համակարգային փոփոխությունների, շարունակել կոռուպցիան, զբաղվել նեղ անձնական բիզնես շահերով:
ՀՀ-ում՝ ելնելով արտաքին մեծ պարտքից, սոցիալական ծանր վիճակից, ժողովրդագրական աղետից՝բնակչության ծերացում, նվազում, պարբերաբար տեղի են ունենալու մինի-հեղափոխությունների փորձեր՝սոցիալական, քաղաքական, ազգային՝Ղարաբաղի հարց լոզունգներով, սակայն դրանք՝իշխանության կողմից ոստիկանություն-բանակ-պետական ապարատ եռամիասնության շնորհիվ ճնշվելու են:Կրիտիկական զանգվածի չհասնող ցույցերը ոչ մի վտանգ չեն ներկայացնելու իշխանության համար:
Ապրիլյան քառօրյա պատերազմից ու այդքան զոհերից հեռո հասարակությունը դուրս չեկավ փողոց, Ղարաբաղի հողերի՝հինգ կամ յոթ շրջան հանձնելու մասին հայտարարություններից հետո հասարակությունը հիմնականում լուռ է՝ֆեյսբուքյան գրառումները ոչ մեկին չեն հետաքրքրում, իսկ այժմ Ծռերի ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո իշխանության մոտ ձևավորվեց իմունիտետ, ինչպես նաև արվելու են համապատասխան եզրահանգումներ՝ոստիկանական, ուժային համակարգերն ուժեղացվելու են, նրանց տրվելու է ցույցները ցրելու քարթ-բլանշ՝Խորենացու ցույցի ցրումն ու լրագրողների ծեծը դրա վառ օրինակ, ինչպես նաև ընդդիմության այն հատվածը՝արտախորհրդարանական, ովքեր համակրում էին Ծռերին քրեական և այլ հետապնդումների են ենթարկվելու՝ԱԺ ընտրություններին ոչ մի կերպ չխոչընդոտելու համար:
Պերմանենտ հեղափոխությունները՝ԱԺ-ի ընտրություններից հետո, արդյունքները հավանաբար կրկին վիճարկվելու են, սոցիալական ծանր պայմանների՝գազի, հոսանքի , ապրանքների թանկացման պատճառով ոչ մի արդյունք չեն տալու՝ցույցերը չեն հավաքում կրիտիկական զանգված, մարզերը քնած են և մնալու են քնած, իսկ ակտիվիստները հետապնդումների ու հիասթափության պատճառով լքելու են ՀՀ-ը, դրանով ստեղծելով փակ շրջան՝փողոց-ցույցեր-ճնշումներ-արտագաղթ, ինչը իհարկե քաղաքական համակարգի մեռելածին վիճակի և ընտրությունները բուտաֆորիկ երևույթի վերածելու ուղիղ արդյունք է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել