Մի քանի պարզ կանոններ այն մարդկանց համար, ովքեր տարածում են ապատեղեկատվություն և սահմանին իրավիճակը չլարելու կոչերը համարում են Բ26-ի պատվեր...

Մարդիկ, ովքեր հիմնականում սահմանային շրջաններում չեն բնակվել և բացարձակ անտեղյակ են այն Հայաստանից, որը գտնվում է ֆեյսբուքյան պատերից դուրս, ապատեղեկատվություն չտարածելու և պատերազմական իրավիճակներում քաղաքական և ապաքաղաքական գործընթացներում հանուն մեր սահմանների հնարավորինս զգոնություն ցուցաբերելու կոչերը համարում են իշխանական սադրանք ու պատվեր: Իհարկե, չի բացառվում, որ որոշակի իրավիճակներում իշխանությունները օգտվում են նմանատիպ հնարքներից, բայց, ընդհանուր առմամբ, ֆեյսբուքում գրառումներ կատարելիս, հարթակներում գոչելիս և հեղափոխություններ անելիս անհրաժեժտ է խստորեն հաշվի առնել մի քանի կարևոր բաղադրիչ:

Մայրաքաղաքը, որքան էլ սահմանագոտուց հեռու, մեսիջների և ազդակների առումով ամենաշատն է ազդում սահմանային շրջանների ներքին կյանքի վրա...

Դիցուք լուր է տարածվում այն մասին, որ զորամասեր են միացել ապստամբությանը կամ զինվորներին փամփուշտ չեն տալիս և բացել են նահանջի ճանապարհը: Ֆեյսբուքն ու մոտավոր նույն մակարդակն ունեցող օդնոկլասնիկը արագորեն կլլում են այդ սուտ լուրերը և սկսվում է համազգային հարայ-հրոց: Ես, որպես սահմանագոտու բնակիչ, սկսում եմ տասնյակ զանգեր ստանալ՝ Վարու՛ժ, դուզ ա՞, որ սալդաթներին զենք չեն տալիս ու զորքը նահանջում ա... Ո՞վ ա քեզ նման բան ասե՞լ... Թե բա թոռս ա կամպյուտրումը կարդացել... Ձնագնդի էֆեկտով հեռավոր շրջան հասնում է սուտ տեղեկության ամենայուղոտ, ամենասարսափելի հատվածը, հատկապես երբ կարդում են ֆեյսբուքյան հերոսամարտերի վետերանների քոմենթները... Ու մինչև Վարուժը հասցնում է իջնել գեղամեջ, մի 20-30 հոգու բացատրել, որ դա ապատեղեկատվություն է, Ռյազանից խոպանչի Դերենիկը, ով ցեխ շաղախելու ընթացքում օդնոկլասնիկում կարդացել է այդ լուրը, զանգահարում է կնոջն ու թե բա՝ Աղչի՛, ասըմ են էդ ծնողաեթմիշնին զորքի զենքը հվաքել են, նահաջ ա, շուտ գնա ըրեխին տար պապոնց տուն... Կինը, որ խանութում ա աշխատում, վազում ա երեխին պապոնց տանում, գալիս նամռոտ նստում դախլու հետևը: Պոստեր գնացող ավտոն կանգնում ա, որ լեյտենանտը մի քանի բլոկ սիգարետ տանի, տեսնում ա սրա նամռոտած դեմքը ու բա՝ Մոքի՛ր, էդ խի ես մռթնած, մարդուդ բացակայությունից ա՞, սա էլ թե՝ Իիիի, այ բեխուխուրթ, բա դրա վախտն ա՞, Քելբաջար սալդաթին զենք չեն տվել ու ասել են նահանջեք... Մոքիր, ի՞նչ գիտե՞ս, թե բա՝ սաղ ինտերնետը էդ ա գրըմ...

Հիմա էս զինվորը որ գնա պոստեր, Աստված չարած կռվելու հրաման լինի, չգիտի՝ իրան որպես Ի՛նչ են օգտագործելու, այսինքն պետք է խաբեն, վերջում նահանջի հրաման տան, թե՞ պետք է անմնացորդ կռվել և, ընդհակառակը, առաջ գնալ... Ու այստեղից ունենում ենք մի քանի բացասական էֆեկտ՝ խուճապ թիկունքում և անորոշություն սահմանին...

Սա մի չնչին դետալ է այդ շղթայում, անհատական դետալ, մինչդեռ նման հազարավոր թելեր պրկում են սահմանագոտու զարկերակը, մարդկանց մեջ վախ սերմանում այնտեղ ապրելու նկատմամբ, ինչը կաթվածահար է անում ամեն ինչ՝ կրթություն, տնտեսություն, երթևեկություն, հավես, ապրելու մոտիվացիա...

Անգամ պատերազմական երկրում, իհարկե՛, կարելի է ընդվզել, հեղափոխություն և ցույցեր անել... Դա մարդու բնական, անառարկելի իրավունքն է... Բայց ցանկացած գործողությունից առաջ հարկավոր է բոլոր քայլերը հաշվարկել այնպես, որ սահմանը, զինվորը, հողը չվնասվի...

Հակառակ պարագայում, ձեռք բերելով իշխանություն, կարող եք պետություն կորցնել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել