ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ զինված խմբի կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի զավթման կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում օրենքով սահմանված կարգով իրականացված դատավարական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել են զինված խմբին հանցավոր օժանդակություն ցույց տվող նոր անձինք: Այս մասին տեղեկանում ենք ԱԱԾ մամուլի ծառայությունից։

Մասնավորապես, պարզվել է, որ ներկայումս կալանավորված Մ.Մ.-ն, կապի մեջ գտնվելով զինված խմբի անդամներ Արմեն Լամբարյանի և Մարտին Հակոբյանի հետ, 2016թ. հուլիսի 24-ին պլանավորել է Խորենացի փողոցում ծառայություն իրականացնող ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու միջոցով հավաքի մասնակիցներին դրդել ճեղքելու արգելապատնեշները, միանալու հանցավոր խմբին և վերցնելու նրանց կողմից հափշտակված հրազենը: Ընդ որում, հաշվարկվել է, որ այդ ընթացքում քաղաքացիների մեջ կարող են և պետք է լինեն մեծաթիվ զոհեր:

Նկատի ունենալով վերոնշյալը, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մեկ անգամ ևս հորդորում է քաղաքացիներին հանուն այլոց հանցավոր նպատակների չենթարկվել առանձին անձանց սադրանքներին, չխոչընդոտել իրավապահ մարմինների կողմից իրենց լիազորությունների իրականացմանը և չվտանգել սեփական կյանքն ու առողջությունը: Հիշեցնում և նախազգուշացնում ենք, որ հատուկ միջոցառումների անցկացման նպատակով արգելափակված տարածք առանց թույլտվության մտնելու ցանկացած փորձ կանխվելու է օրենքով թույլատրելի և հասանելի բոլոր միջոցներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել