Վերջին օրերի իրադարձությունները եկան ամբողջացնելու Հայաստանի քաղաքական դաշտի ֆարսը։ Ուրեմն ինչ է ստացվում, ունենք հիասթափված հանրություն, մարգինալ ընդդիմադիր ուժեր և պարալիզացված իշխանական համակարգ։ Փաստորեն Հայաստանում ոչ մի ինստիտուտ չի գործում,փոխզսպման ոչ մի մեխազնիմ չկա։ ՊՊԾ գնդի գրավումը,հետևաբար այս իրավիճակում տարօրինակ չպիտի համարել, որովհետև սա ընդամենը հետևանք է պետական իշխանության իմպոտենտության։ Եվ սա պետք է դիտել ոչ թե  կառավարման անարդյունավետության տեսանկյունից, այլև որոշումների կայացման սկզբունքներից ելնելով։ Տեսեք, մի խումբ զինված անձիք գրավում են Ոստիկանության գունդը։ Գերի են վերցնում ՀՀ Ոստիկանապետի տեղակալին և Երևանի Փոխոստիկանապետին։ Գունդը գրավելու ժամանակ սպանվում է գնդի հրամանատարi տեղակալը՝ Ոստիկանության գնդապետ։ Իշխանությունը նախագահի մակարդակով խոսում է ընդամենը 5 օր հետո միայն, այն էլ ինչ-որ կցկտուր հայտարարություններով։ Այն է՝ ապստամբները պիտի հանձնվեն։ Այլ ելք չկա։ Սա ավելի է գրգռում դժգոհ հանրությանը, թեպետ Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ոչ մի կերպ տարօրինակ չպետք է համարել։ Որովհետև՝

ա) Հեղաշրջումը փաստացի ձախողվել է

բ) Իշխանությունը ունի օրենքով սահմանված բոլոր իրավունքները երկրում օր առաջ կարգունկանոն հաստատելու համար։

Բայց տեսեք թե ինչ ունենք այսօր։ Այսօր ունենք արդեն 12 օր պարալիզացված մայրաքաղաք,պարբերաբար գնդից՝ իբրև իրենց կողմնակիցներին ողջունելուն ուղղված օդային կրակոցներ:Ստացվում է,  ստաբիլ դժգոհ, բայց հեղափոխության համար ոչ բավարար քանակով մասսայի համար այդ կրակոցները Խորենացի փողոցում կարող է նորմալ թվալ, սակայն նույն քանակի ու ինչո՞ւ ոչ՝ ավելի շատ մարդկանց համար, ովքեր ապրում են Խորենացիում, կամ հարակից վայրերում, նրանց դժգոհությունը կարող է համարվել ոչ նոռմա՞լ։ Այստեղ իհարկե դատավորի դեր պիտի ստանձնի հենց նույն պետությունը, որը չի կարողանում (համենայն դեպս մինչ այս պահը) հստակ դատավճիռ կայացնել։ Իսկ դատավճռիը պետք է լինի մեկը, բանակցություններով կամ առանց դրա,շատ արագ կարգուկանոն հաստատել երկրում։ Որովհետև հակառակ պարագայում դա կարող է վատ հետևանքներ ունենալ արդեն իր համար։

Ինչ մնում է ճամբարի հակառակ կողմում գտնվողներին։ «Սասնա Ծռերը» այո՛, ինչ-որ չափով կարողացան աժիոտաժ մտցնել հանրության օրակարգում։ Հեղափոխությունը չգիտեմ, բայց իրավիճակ փոխել նրանց հաջողվել է ինչ-որ չափով։ Եթե 12 օր քաղաքը կաթվածահար վիճակում է գտնվում, ուրեմն իրոք հաջողվել է ։ Բարեբախտաբար, կամ ցավոք, նրանք՝ ինչպես Հայաստանի մնացած ընդդիմադիր ուժերը, չունեին գործողությունների հետագա ծրագիր, որովհետև զինված հեղաշրջում անելու համար նախևառաջ դրա համար պետք է ունենալ անհրաժեշտ ռազմական,նյութական, մարդկային ռեսուրսներ, որոնք պետք է նախ իրականացնեին այդ հեղաշրջումը և հետո արդեն ստանձնեին պետության ղեկավարումը։ Նշվածներից ոչ մեկ «Սասնա Ծռերը» չունեին։ Հույս դնել միայն ժողովրդի ոգևորության վրա անիմաստ է։ Փորձը ցույց տվեց, որ հանրությունը կարող է կազմակերպվել և հիասթափվել ակնթարթորեն։

Քաղաքական կուսակցությունները, մասնավորապես՝ ընդդիմադիր կուսակցությունները, երկար ժամանակ չէին արձագանքում տեղի ունեցածին, հետո ինչ-որ կցկտուր կերպով ոմանք ողջունեցին հեղաշրջման փորձը, ոմանք դատապարտեցին։ Կարճ ասած միասնական դիրքորոշում այս հարցում չկա։ Չկա ձևավորված հրապարակ, ու մինչ այժմ չկան լիդերներ, որոնք կկարողանային հանրությանը գործողությունների ծրագիր առաջարկել։ Այս ամենը չկա,բայց առայժմ կա հանրություն, դժգոհ ու հիասթափված զանգված, որը դեռ հավաքվում է Խորենացիում,երբեմն էլ Ազատության հրապարակում։ Սակայն այդ զանգվածը շատ ավելի շատ նման է իր հովվին կորցրած հոտի, որը չգիտի՝ ուր է գնում և ինչ է ուզում։ Բանը հասավ նույնիսկ նրան, որ քաղաքացիների մեկը վերցրեց բարձրախոսն ու պահանջեց հավաքվածների անունից, որ Սերժ Սարգսյանը գա ու պատասխանի իրենց հարցերին,այնուհետև հրաժարական տա։ Սա ավելի շատ հուսահատական կոչ էր, որին դեմ էին նույնիսկ հավաքվածքները։

Մի խոսքով։ Իշխանությունը չի հաղթել։ Չի հաղթել այնքանով, որ նույնիսկ արդեն ի վիճակի չէ պետության համար վտանգավոր ու դժվար պահերին որոշում կայացնելու։ Ընդդիմությունը ձախովել է, իսկ դա ապացուցելու համար լավագույն օրինակը «Սասնա Ծռեր» խմբի գործողությունների արդյունքում ցուցաբերած վարքագիծն է (որոշակիորեն բացառություն է կազմում Նիկոլ Փաշինյանը)։ Փաստորեն պետության համար այս ճակատագրական պահին Հայաստանում ձախողվել են բոլորը։ Եվ սա այն դեպքում,երբ ընդամենը մի քանի ամիս է անցել Ապրիլյան քառօրյաից, որտեղ հայ ժողովուրդը շատ մեծ փորձության ենթարկվեց։ Տառացիորեն մազից է կախված նաև նոր պատերազմը, մինչդեռ ՊՊԾ գնդի գրավումը իրավմամբ ցույց տվեց, որ ապրիլայն իրադարձություններից հետո մեր հանրությունը ոչ միայն ուշքի չի եկել, այլև ներքաշվել է ավելի խորը դեպերսիայի մեջ, ու առայժմ չի երևում, թե ինչպես պիտի սրա տակից դուրս գալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել