Արդեն 12 օր է, որ հանրության ուշադրություն սևեռված է Էրեբունու ՊՊԾ գնդում տեղի ունեցող դեպքերի վրա: Հնչում են տարբեր կարծիքներ ստեղծված իրավիճակի մասին: Մի մասն ասում է, որ նրանք հերոսներ են մի մասն էլ՝ ահաբեկիչներ:

Իհարկե հասկանալ կարելի է բոլորին, բայց միայն այն դեպքում, երբ մարդիկ չեն կորցնում ադեկվատությունը: Երբ ՊՊԾ գնդի վրա հարձակված զիված խմբի անդամները բաց թողեցին պատանդ ոստիկաններին, թվաց, թե հարցը գնում է խաղաղ հանգուցալուծման: Ցավոք դեռ այդպես չէ: Առանց պատանդների զինված խմբի անդամները մնացին միայն մի քանի օր: 3 օր առաջ նրանք պատանդ վերցրեցին իրենց բուժօգնություն ցույց տալու նպատակով գնդի տարածք ժամանած շտապօգնության 4 բժիշկներին՝ այդ թվում մեկ բուժքրոջ:

Իհարկե այս դեպքում ևս եղան մարդիկ, ովքեր նշեցին, որ բժիշկները պատանդ չեն, իրենց կամքով են մնացել և այլն: Բայց պարզվեց՝ այսօր «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանն զրույց է ունեցել ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արայիկ Խանդոյանի հետ և փորձել նրան համոզել՝ ազատ արձակել գնդի տարածքում արդեն 3-րդ օրը գտնվող բուժքույր Մալինա Մարգարյանին, սակայն Խանդոյանը համաձայնություն չի տվել: Թագուհի Ստեփանյանը նաև նշեց, որ այսօր Մալինա Մարգարյանի դստեր ծննդյան օրն է:

Կարծում եմ ակնհայտ է, որ Մալինան այնտեղ գտնվում է իր կամքին հակառակ՝ որպես պատանդ: Իսկ, թե ինչ է խանգարում գոնե միայն բուժքրոջը բաց թողնել, հայտնի է միայն «Սասնա ծռեր» խմբի անդամներին: Գուցե դա ևս հերոսական քայլ է, ուղղակի մենք չենք հասկանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել