Գեղեցկության մրցույթներն աշխարհում տարեցտարի նոր թափ ու ճանաչվածություն են ստանում այն դեպքում, երբ Հայաստանում այս ինդուստրիան գրեթե մեռնում է: Սակայն այս փաստը չի նշանակում, որ մեր հայուհիները գեղեցիկ չեն և մրցույթին մասնակցելու կոնտինգենտ չունենք: Ընդհակառակը, մեր հայուհիները հատկապես վերջին տարիներին շատ ավելի են գեղեցկացել: Խնդիրը հավանաբար կազմակերպիչների մեջ է: Ու չնայած բնագավառի բացը լրացնելու համար մի  քանի տարի առաջ ինչ-որ մրցույթ անցկացվեց ու ինչ-որ աղջիկ ընտրվեց որպես «Միսս Հայաստան», այնուամենայնիվ, մեր իրականության մեջ այդ տիտղոսը կրող աղջիկներից ընդամենը մի քանիսի անունները հիշվեցին: Հետաքրքրվելով աղջիկների այսօրվա կարգավիճակով ու գործունեությամբ՝ մեզ համար հաճելի մի բան պարզեցինք.  բոլոր նրանք ներկա պահին գտնվում են «զբաղված մայրիկ» կարգավիճակում, ու բացի Լուսինե Թովմասյանից, ով միայն վերջերս է ամուսնացել, մնացած բոլոր աղջիկները կրում են «բազմազավակ մայր» պատվաբեր կոչումը:

«Միսս Հայաստան 97» մրցույթի հաղթող Անգելինա Բաբաջանյանը գրեթե 20 տարի առաջ է արժանացել գեղեցկուհու տիտղոսին:  Ու չնայած երկար ժամանակ է անցել՝ Անգելինան  բացարձակ չի կորցրել իր գեղեցկությունն ու հմայքը: Անգելինան ամուսնացած է ու մեծացնում է իր երկու դստրերին և որդուն:

«Միսս Հայաստան 98» մրցույթի հաղթող Գոհար Հարությունյանը մրցույթում հաղթելուց  կարճ ժամանակ անց կարողացավ նվաճել նաև «Միսս ԱՊՀ» տիտղոսը: Սակայն մեր գեղեցկուհին մի կողմ թողնելով մոդելային կարիերան՝ ժամանակին գերադասեց ընտանիք կազմել: Գոհարը նույնպես բազմազավակ մայրիկ է: Երջանիկ ամուսնության արդյունքում Գոհարն ունի 2 դուստր և 1 որդի:

«Միսս Հայաստան 2001» Իրինա Թովմասյանը ևս բազմազավակ մայրիկ է: Իրինան ամուսնացած է և ունի 3 դուստր: Իրինան հաճախ է հանդես գալիս սեռային խտրկանությամբ պայմանավորված հղիությունների ընդհատման դեմ տարբեր նախագծերում, իսկ հարցազրույցներից մեկում նա մի անգամ անկեղծացել է.«Երեք աղջիկ ունենալուց հետո ինձ հաճախ են հարցնում` երբ եմ տղա ունենալու, ես էլ պատասխանում եմ` երեք աղջկանից ավելի մեծ հարստություն չկա»:

«Միսս Հայաստան 2003» Լուսինե Թովմասյանն առայսօր մեր շուբիզնեսյան ամենաքննարկվող դեմքերից մեկն է: 13 տարի է անցել Լուսինեի հաղթանակից, բայց այսօր էլ, եթե փողոցում  պատահական մեկին հարցնեք՝ ո՞վ է մեր «Միսս Հայաստանը», միանշանակ կլսեք Լուսինեի անունը: Երևի այս փաստը պայմանավորված է նրանով, որ Լուսինեն կարողացավ նվաճել նաև «Վիցե միսս Եվրոպա» տիտղոսը, ինչն աննախադեպ էր: Այսօր Լուսինեն ամուսնացած է և մեծացնում է իր դստրիկին: Հուսանք՝ նրա հրաշալի ընտանիքը մոտ ապագայում կլրացվի նոր ու անդամներով:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել