Մայրաքաղաքում դեպքերի զարգացումների կարիք վերջին տասնօրյակում չունեցանք: Դեպքերի այս շրջափուլն այնքան արագ էր հաջորդում իրար, որ տեղական լրահոսը չէր կարողանում «հանգստանալ» զարգացումներից:

Ժամեր առաջ ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցավ հերթական միջադեպը, որը հասարակությանը նոր շոկ ապրելու առիթ ընձեռեց: Շտապօգնության խումբը, կանչ ստանալով, առավոտյան գնդի տարածք է մտել. ահազանգ էր ստացվել, որ գիշերը տեղի ունեցած բախումների հետևանքով երկու վիրավորի պետք է տեղափոխվի հիվանդանոց, սակայն բժիշկների հասնելուն պես զինյալները հրաժարվել են հանձնել վիրավորներին: Ավելին, խմբավորման անդամները ներկայացրել են պահանջ, որ առողջապահության նախարարը և բժիշկների անձնակազմը ներկայանա ՊՊԾ գունդ` այնտեղ վիրահատություններ անելու համար, որի դիմաց ազատ կարձակեն շտապօգնության բժիշկներին: Կատարվածն ավելին քան ահաբեկչություն չի կարելի որակել, քանի որ այն համապատասխանում է ահաբեկչության դասական օրինակին, այն է` կան գերևարված անձիք, որին հաջորդում են կոնկրետ պահանջներ:

Դեպքից մի քանի ժամ անց ՀԽ անդամ Ալեք Ենիգոմշյանը հանդես եկավ ասուլիսով և հայտնեց. «Պատանդ պահելու մասին տեղեկությունը հերյուրանք է: Տղաները ոչ մեկին պատանդ չեն պահում, ուզում են որ բժիշկների ներկայությունը տևական լինի և հերթափոխով»: Սակայն Ենիգոմշյանը հմտորեն շրջանցեց հարցի այն մասը, որ եթե մարդու ազատ տեղաշարժը որոշակի տարածքում սահմանափակվում է մեկ այլ անձի կողմից, միջազգային իրավուքի բոլոր նորմերով որակվում է որպես պատանդ կամ գերի:

Ընդհանրապես պետք է ֆիքսենք մի կարևոր հանգամանք. անգամ պատերազմական իրավիճակներում, հակամարտող կողմերը բժիշկների և բուժաշխատողների հանդեպ ունեն առանձնակի հարգանք. որպես կանոն հիմնականում նրանց չեն պահում գերության մեջ` ելնելով ուղղակի մարդասիրական նորմերից և կարևորելով նրանց առաքելությունը:

Հավելեմ, որ զինված խմբի անդամների նշված քայլը խոսում է նրա մասին, որ տվյալ փուլում խոսել խնդրի խաղաղ կարգավորման և հարցը բանակցությունների միջոցով լուծելու մասին, գրեթե զրոյանում է, ավելին` այն մի տեսակ էսլկալացիոն տեսք է ստանում, որից կարելի է ենթադրել, որ ՊՊԾ գնդում հնարավոր է նոր բախումներ և անգամ արյունահեղություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել