Ինչպես արդեն հայտնի է ՝  մասնագիտական պարտքը կատարելու նպատակով ՊՊԾ գնդի տարածք մուտք գործած «Շտապօգնություն» ՓԲԸ բուժաշխատողներին` երկու բժշկիՆորայր Թևանյանին ու Սալվադոր Խեչոյանին, բուժակ Դավիթ Տոնոյանին, բուժքույր Մալինա Մարգարյանին զինյալ խմբի անդամները պատանդ են վերցրել: Այս փաստն արդեն հասցրել է դատապարտել ՀՀ բժշկական հանրությունը: Իսկ քիչ առաջ  զինյալները հայտարարել են, որ նրանք պատրաստ են փոխանակել ներսում գտնվող բժիշկներին մեկ այլ անձնակազմի հետ, որը տեղում կիրականացնի վիրավորներին անհրաժեշտ բուժօգնություն, կկատարի վիրահատություններ: Ստեղծված իրավիճակի մասին BlogNews-ը զրուցել է բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, մանկաբարձ-գինեկոլոգ Գեորգի Պողոսյանի հետ:

-Շատ վատ բան է տեղի ունեցել: Ես ուզում եմ, որ մեր բժիշկները աշխատեն, մարդկանց կյանքեր փրկեն հանգիստ, առանց լարվածության, և ոչ թե բռնության սպառնալիքի տակ անեն իրենց աշխատանքը: Անգամ պատերազմական տարիներից նման միջադեպ չեմ մտաբերում, երբ հակառակորդի բժիշկներին պատանդ վերցնեինք: Բժշկի առաքելությունը մարդու կյանքը փրկելն է ՝ անկախ օգնության կարիքը ունեցողի ով լինելուց:  Բժիշկը քաղաքականության մեջ չկա,  նա իր առաքելությունն  է անում: Միջազգային բոլոր օրենսդրություններով այն, ինչ տեղի է ունեցել այսօր մեր շտապօգնության բրիգադի հետ, միանշանակ ահաբեկչական ակտ է որակվում: Ես խորը ցավով եմ հետևում այս ամենին, առհասարակ այն, ինչ այսօր տեղի է ունենում մեր երկրում ՝ աններելի է: Բարիկադներից ա՛յն կողմ էլ, ա՛յս կողմում էլ մերոնք են, մեր տղաներն են:

-Քիչ առաջ «Սասնա ծռեր»-ը հայտարարեցին, որ  նրանք միայն վիրավորներին անհրաժեշտ բուժօգնություն հատկացնելու նպատակով են պահում բժիշկներին: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ:

-Իսկ դուք կարծու՞մ եք, որ եթե նրանք չպարտադրեն, ապա մեր բժիշկները կհրաժարվե՞ն մարդկանց անհրաժեշտ բուժօգնություն ցույց տալուց: Շտապօգնության բրիգադը այնտեղ հայտնվել է հենց այդ նպատակով ՝ փրկելու  մարդկանց կյանքեր, սակայն հիմա այնպիսի վիճակ է ստեղծվել, որ օգնության կարիք ունեն նաև բժիշկները: Ու առհասարակ ՝ ի՞նչ է նշանակում բժշկին պատանդ պահել: Թե՛ Արցախյան, թե՛Հայրենական, և առհասարակ, աշխարհի բոլոր պատերազմների  ժամանակ բժիշկները երբեք անօգնական չեն թողել օգնության կարիք ունեցող հակառակորդի վիրավորին: տեղի ունեցածը որքան էլ ցավով նշեմ, միջազգային օրենսդրությամբ ևս որակվելու է որպես հանցանք, որովհետև գոյություն ունեցող մի շարք միջազգային կոնվենցիաներով բժիշկը պաշտպանված է, իսկ նրա ազատ գործելուն, ծառայողական պարտքը կատարելուն  խոչընդոտելը կամ բժշկի վրա հոգեբանական ճնշում գործադրելը, էլ չեմ ասում պատանդ վերցնելը, միանշանակ դիտարկվում է որպես  ահաբեկչություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել