Ժամանակին լրիվ ուրիշ թեմայով մեկնաբանություններ անողներին հորդորում էի զերծ մնալ չհիմնավորված կարծիք հայտնել մի երևույթի մասին, որտեղ կա արյուն, դիակ և մեկնաբանողների պատկերացումները խիստ մակերեսային են: Պատմությունը կրկնվելու սովորություն ունի և հիմա երբ լայքահավաք ու պոպուլիստ թեմաներով գրառումների պակաս կարծես չկա, կցանկանայի որոշ տեղեկություններ հաղորդել իմ ծառայակից ընկեր Արթուր Վանոյանի մահվան հանգամանքների կապակցությամբ: Արթուր Վանոյանը չի ստացել կյանքի հետ անհամատեղելի վնասվածք, այսինք հայերեն ասած նա գնդակից չի մահացել: Գնդապետ Արթուր Վանոյանը մահացել է 3 ժամ արնաքամ լինելու հետևանքով: Զինված խումբը 3 ժամ շարունակ թույլ չի տվել վիրավոր Արթուր Վանոյանին տեղափոխել հիվանդանոց և բժշկական օգնություն ցուցաբերել նրան, պատանդ վերցնելով այդ նպատակով ՊՊԾ գունդ ժամանած շտապօգնության մեքենայի վարորդին: 3 Ժամ վիրավոր գնդապետը արնաքամ լինելով մահացել է: Հենց սա է իմ, որոշ դեպքերում կտրուկ վերաբերմունքի մոտիվը ՊՊԾ գնդի իրադարձությունների վերաբերյալ: Կանցնեն օրեր, դեռ շատ բաներ կպարզվեն... այսօրվա հերոսները կդառնան հակահերոսներ և հակառակը: Ես կթերթեմ այսօրվա մեկնաբանությունները ու դառը ցավ կապրեմ, որ նախկինում իմ կարծիքով ադեկվատ ու խելացի մարդկանց կորցրեցի այս թոհուբոհում: Մարդիկ, ովքեր ինչ ինչ պատճառներով ագրեսիվ քարոզչության զոհն ու մասնակիցը դարձան, փորձելով երկու պատերազմ անցած ընկերոջս արնաքամ մարմնի վրայով քայլելով անցնել մի քանի ֆեյսբուքյան լայքի համար: Նույնիսկ այս պարագայում իրադարձությանը մասնակից կողմերին խնդրում եմ անարյուն և խաղաղ հանգուցալուծում: Ես արյուն չեմ ուզում, ես կուշտ եմ արյունից...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել