Հավելում նախորդ գրառմանս՝ իշխանության պատասխանատվության մասով: Չնայած նախոդում կարճ գրել էի, բայց քանի որ հիմնական ասելիքս այլ էր կորել է երեւի մեջը:
1. Ապացուցելու կարիք էլ չկա, որ իշխանության պատասխանատվությունը մեծ է, հենց թեկուզ որովհետեւ իշխանություն է: Այո՛, այսօր պետությունը հնարավորություն չունի օրինական բռնություն կիրառելու նաեւ ա՛յն պատճառով որ նախկինում չարաշահել է բռնության իր իրավունքը: Նաեւ ա՛յն պատճառով, որ իխանությունը գրեթե զրոյական վստահություն ունի: Դրա համար էլ գրել եմ՝ Հայաստանի թույլ կետը ռազմաճակատը չէր, այլ իշխանություն-հասարակություն հարաբերությունը:
2. Այո՛, իշխանությունը բաց թողեց հասարակության հետ երկխոսություն սկսելու, նոր էջից հարաբերություններ կառուցելու, մարդկանց հետ խոսելու պահը՝ ապրիլյան պատերազմից անմիջապես հետո, երբ հասարակությունն ապացուցեց, որ չնայած իշխանությանը չի վստահում, բայց պետության հետ խնդիր չունի:
3. Բայց եթե իշխանությունը վնասել է պետությանը, թուլացրել է այն, ապա ինչպե՞ս դրանից հետեւում, որ մենք էլ նույնը պետք է անենք: Ի՞նչ է՝ գմփացնենք Հայաստանը, ի՞նչ է թե Սերժը վատն է: Սե՞րժն է մեր ուղեցույցը: Կներեք, նման վճռական պահին ինձ ամենից քիչ Սերժն է հետաքրքրում: Նման պահին, ե՛ս եմ իշխանությունն ու պետության տերը: Ու ես իմ ասելիքն ու անելիքը չեմ կարող չափել Սերժի կամ որեւէ մեկի արածով ու չարածով: Մարդը մարդ է նրանով, որ իր սկզբունքների տերը լինի, ոչ թե ուրիշին նայի:
4. Վերջապես, հասկանանք, որ ա՛յն ինչ հիմա տեղի է ունենում ապրիլյան պատերազմի ուղիղ շարունակությունն է: Չի կարող կապի մեջ չլինել: Հայաստանը գրոհեցին ռազմաճակատից ու արդյունքի չհասան: Միթե՞ չգիտեք, որ պատերազմը մենակ ուղիղ ռազմական գործողությունները չեն: Պետություններին ծնկի բերելու բազմաթիվ այլ միջոցեր կան, բացի ռազմականից: Պարզապես պետք է գտնել ամեն պետության թույլ կետն ու խփել այնտեղ:
Սա էլ անավարտ գրառում է: Քայլ առ քայլ կշարունակենք, ավելի անմիջականորեն տեսնելու համար կապն ապրիլյան ու հուլիսյան իրադարձությունների միջեւ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել