Ադրբեջանի սահմանադրական դատարանը հավանության է արժանացրել սահմանադրական փոփոխությունների նախագիծը, ըստ որոնց նախագահի լիազորությունները հինգ տարուց ավելանում են մինչև յոթ տարի:Բացի այդ, երկրում մտցվելու են առաջին փոխնախագահի և ընդհանրապես փոխնախագահների ինստիտուտ:Սահմանադրության փոփոխությունները դրվելու են հանրաքվեի, որի տարեթիվը կնշանակի Իլհամ Ալիևը:

Ադրբեջանում՝ ի տարբերություն ՀՀ-ում տեղի ունեցած հանրաքվեի, ըստ որի այժմ նախագահական կառավարման մոդելից անցում է կատարվում խորհրդարանական համակարգի, տեղի է ունենում հակառակ գործընթացը՝ուժեղացվում է Ադրբեջանի նախագահի լիազորություններն ու նախագահի ինստիտուտը: Փոխնախագահներ են նշանակվելու ալիևյան կլանի ամենահավատարիմ անդամներն ու հնարավոր է նրա տիկինը, իսկ հետագայում նաև որդին, որին էլ ներպալատական կամ այլ տեսակի հեղաշրջումների դեպքում փոխանցվելու է ողջ իշխանությունը: Առաջին փոխնախագահը՝նախագահի հրաժարականի դեպքում ժառանգում է երկրի կառավարումը: Մինչ այդ, նախագահի հրաժարականի դեպքում լիազորությունները պետք է իրականացներ կամ Մեջլիսի նախագահը կամ վարչապետը:

Այժմ Ալիևը սահմանափակում է թե Մեջլիսի, թե վարչապետի դերը՝փակելով նրանց առջև դեպի նախագահի աթոռը տանող սահմանադրական ճանապարհները: Հետաքրքիրն այն է, թե ում է Ալիևը նշանակելու՝դա նույպես սահմանադրական փոփոխություններով իրեն է վերապահված, փոխնախագահներ, հատկապես մեծ լիազորություններով և գահը ժառանգելու ֆորմալ՝սահմանադրական իրավունք ունեցող առաջին փոխնախագահի պաշտոնում:
Ալիևը չի վախենում մայդաններից կամ դրսից տապալվելու հեռանկարներից՝նա նավթագազային գործարքների, ԹԱՆԱՓ, Հարավային գազային միջանցք, Տրանսկասպյան տրանսպորտային միջանցք և այլ նախագծերի շնորհիվ ստացել է քարթ-բլանշ Արևմուտքից՝ԱՄՆ-ի ու ԵՄ-ի կողմից, որոնք ցանկանում են Ադրբեջանի տարածքն օգտագործել ՌԴ-ից սահմանների երկայնքով ու Մոսկվայի հսկողությունից դուրս էներգետիկ-տրանսպորտային միջանցք ձևավորել: Ինչ վերաբերվում է Մոսկվային, ապա Ալիևը Կրեմլի հետ ունի հիանալի, ռազմավարական հարաբերություններ՝զենքերի գնում, նավթագազային նախագծեր, այժմ էլ Իրան-Ադրբեջան-ՌԴ երկաթգիծ ու ղարաբաղյան գործընթացի առկայությունը:
Տարածաշրջանային այլ խաղացողների՝Թուրքիայի հետ ռազմավարական, եղբայրական կապեր են, Իրանի հետ՝գործընկերային՝չհաշված Իսրայելի ու Անկարայի հետ Բաքվի սերտ կապերի ու Իրանի հյուսիսում ադրբեջանական անջատողականությանն՝ Բաքվի աջակցության պատճառով մերթ ընդ մերթ ծագող հակասություններին, Թեհրանի ու Բաքվի հարաբերություններում այժմ դրական դինամիկա է:

Երկրի ներսում քաղաքական ընդդիմությունը զտված է, մնացել են դժգոհ, փոքրաթիվ մարգինալ խմբեր՝Անվտանգության ծառայությունը վերահսկում է բոլորին, իսկ դժգոհողներին կամ առավել ի՝այդ թվում քաղհասարակությունից կամ ազգային փոքրամասնությունների ակտիվիստներն բանտերն են լցված կամ լքել են Ադրբեջանը:

Այս պարագայում սահմանադրական փոփոխություններն ունեն հեռահար նպատակ՝Ալիևը պատրաստվում է ղարաբաղյան պատերազմի, որի ելքն այնքան էլ կանխատեսելի չէ և հնարավոր բացասական զարգացումների ֆոնին նա կարող է իրականացնել ժառանգորդ օպերացիան:Նրա 19-ամյա որդին՝Հեյդար Ալիևը ժամանակի ընթացքում նույնպես մաս է կազմելու իշխանության, սակայն դա ավելի շատ միջնաժամկետ կամ երկարաժամկետ ապագայի հարց է:Գործող նախագահ Իլհամ Ալիևն այժմ 55 տարեկան է, իսկ գործող սահմանադրությունը թույլ է տալիս նրան վերընտրվել անսահմանափակ անգամ:

Ինչ վերաբերվում է իշխանության մյուս թևերին՝Մեջլիսին, ապա այնտեղ մեծամասնություն է Յենի Ազերբայջան՝իշխող, Ալիևի գրպանային կուսակցությունը, իսկ բանակի, ԱԱԾ-ի ու ոստիկանական համակարգերի հավատարմությունը թույլ է տալիս նրան գահից հեռու պահել ցանկացած մրցակցի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել