News Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի սևծովյան ափի երկայնքով սկսել են երթևեկել Stadler Kiss մոդելի երկհարկ գնացքները:

Առաջին գնացքը Թբիլիսիից Բաթում է մեկնել այսօր առավոտյան՝ ժամը 09:10-ին, իսկ երկրորդը կմեկնի երեկոյան ժամը 18:20-ին: Այս մասին հայտարարել է «Վրացական երկաթուղիներ» ընկերության մամլո ծառայության ղեկավար Դաչի Ցագուրիան:

Նոր գնացքները մեկ երթի ժամանակ կտեղափոխեն 400 ուղևորի: Գնացքը Բաթում մեկնելիս կանգ կառնի միայն Ուռեկիի ու Քոբուլեթիի կայարաններում: Ցագուրիան հայտարարել է, որ Թբիլիսիից Բաթում գնացքների երթևեկությունը կրճատվել է կես ժամով և այժմ կազմում է 4 ժամ 55 րոպե:

Ցագուրիան հավելել է, որ ծրագրված է 2019 թվականին այդ ժամկետը կրճատել մեկ ժամով, ինչի արդյունքում գնացքները Թբիլիսիից Բաթում կհասնեն 4 ժամից պակաս ժամանակահատվածում:

«Վրացական երկաթուղիները» վերջին շրջանում գնել է շվեյցարական երկհարկ 4 գնացք՝ գրեթե 40 միլիոն եվրո արժողությամբ (յուրաքանչյուր գնացքի գինը կազմել է 9.9 միլիոն եվրո):

Ընդգծվում է, որ երկհարկ գնացքները դրական դեր կխաղան Վրաստանում զբոսաշրջության զարգացման համար: Ակնկալվում է, որ այս տարի Վրաստանում այցելուների թիվը կհասնի 6 միլիոնի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել