«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ, «Սասնա ծռեր»-ի գործողությունները համակարգող մարմնի ղեկավար Ալեք Ենիգոմշյանն այսօր հայտարարել է, որ «ՀՀ իշխանությունները մտադիր չեն խաղաղ շարունակել բանակցությունները և դիմում են ճնշումների»:
Նրա խոսքով՝ արդեն 32 ժամ է, ինչ ՊՊԾ գնդի տարածքում անջատված է էլեկտրականությունը, չի տրամադրվում սնունդ, բժշկական ծառայություն, իսկ գիշերվանից սկսած՝ չի գործում նաև հեռախոսային կապը:

«Ոստիկանությունը գիշերը փորձել է մոտենալ ՊՊԾ տարածքին և պատ քանդել: Առավոտից գնդի տարածքի վրա պտտվում է ռազմական ուղղաթիռ: Այս ամենը իշխանությունների կողմից սրացման քայլեր են: «Սասնա ծռեր»-ի անդամները կողմ են սրացման չգնալուն: Նրանք դիմում են պատասխան քայլերի, երբ իշխանությունների կողմից լինում են սադրիչ քայլեր»,- ասել է Ալեք Ենիգոմշյանը:

Նա տեղեկացրել է նաև, որ «Սասնա ծռեր»-ի ցանկությամբ իշխանությունների հետ նոր բանակցողը պետք է լինի Սիսիանի «Սիսական» գնդի հրամանատար Աշոտ Մինասյանը (Աշոտ Երկաթը):

«Սասնա ծռեր»-ի գործողությունները համակարգող մարմնի նախաձեռնող խումբը հանդես է եկել հայտարարությամբ՝ մինչև այսօր՝ ժամը 20:00-ը, ժամանակ տալով իշխանություններին՝ լուծելու «Սասնա ծռեր»-ի էլեկտրականության, կապի և սննդի հարցը: Հակառակ դեպքում՝ նրանք կոչ են անում երկրի ամբողջ տարածքում ստեղծել քաղաքական անհնազանդության օջախներ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել