Քիչ առաջ բոլոր պատանդներն ազատ արձակվեցին և ՊՊԾ գնդում այլևս պատանդներ չկան։ Վիտալի Բալասանյանի միջամտությունը բանակցություններին բավականին դրական ընթացք ունեցավ և հույս ունենանք, որ այդպես էլ կշարունակվի և տեղի կունենա խաղաղ հանգուցալուծում։ Նիկոլի՝ Խորենացի փողոց գնալը, համենայնդեպս իրավիճակի խաղաղ ընթացքի համատեքստում, բավականին դրական իրողություն է։ Ավելին, զուտ քաղաքական հեռանկարի տեսանկյունից ստեղծված իրավիճակի վերջնարդյունքը կարող է վնասել Նիկոլի քաղաքական հեղինակությանը, բայց նույնիսկ այդքանը հաշվի առնելով էդ մարդը գնաց ու բավականին պատասխանատու քայլ կատարեց։ Նիկոլի «վերադարձը» նաև քաղաքական նշանակություն ունի, և թող ոչ ոք չժխտի այդ ակնհայտ տրամաբանական իրողությունը։ Խորենացի փողոցում ներկա բոլոր քաղաքական թիմերը, եթե ունենային այնքան քաղաքական կշիռ, որքան Նիկոլը, նույնը կանեին իրենք (միգուցե ոչ խաղաղության կոչերով, բայց վստահաբար կանեին նույնը)։ Հիմա արդեն կարելի է արձանագրել, որ Խորենացի փողոցում Սանիտեկի աղբամաններով «բարիկադների» փոխարեն Նիկոլի խաղաղության կոչերն ենք լսելու, որը մի քանի անգամ ավելի նախընտրելի է, քան անհեռատես արկածախնդրությունը։ Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններին, ապա կարծում եմ այստեղ մեկնաբանություններն ավելորդ են՝ «Դատե՛ք ինքներդ» (հեգնանք չփնտրել)։
Հ.Գ. Ոչ իշխանական հատվածի միջև սկսված «փոխհրաձգությունը» նվազագույնն անիմաստ է։ Երկուստեք մեղադրանքները, անկեղծ, չեն անցնում անձնականի սահմանը և հերթական անգամ ապացուցում են երկրի քաղաքական բանավեճի արխայիկ տրամաբանությունը։ Գաղափարների բախման փոխարեն բախվում են անձերն իրենց բարոյական հակադրություններով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել