Pastinfo.am-ը գրում է.

Հուլիսի 17-ից պատանդի կարգավիճակում գտնվող ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանին եւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին։

Այսպիսով՝ բոլոր պատանդներն ազատ են արձակվել։

«Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով՝ ավելի վաղ ԼՂ Ազգային ժողովի պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ տեղի է ունեցել հանդիպում ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խմբի անդամ, «Հիմնադիր խորհրդարանի» խոսնակ Վարուժան Ավետիսյանի և Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանի միջև:

«Այն տղաները, որոնք գտնվում են զորամասում` մեր մարտական ընկերների և երիտասարդ այդ տղաների հետ համատեղ որոշում ենք կայացրել, որպեսզի քայլ անենք, շարքային երկու ոստիկաններին առանց որևէ պայմանավորվածության ազատ ենք արձակել», - ռադիոկայանի փոխանցմամբ՝ «Շանթ» հեռուստատեսության եթերում քիչ առաջ ասել է Վիտալի Բալասանյանը, ում միջնորդությամբ այս օրերին բանակցություններ են վարվում ԱԱԾ-ի և զինված խմբի միջև:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահել այնտեղ գտնվող անձանց` պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռ բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին:

ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա հարձակման հետևանքով զոհվել է Ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը: 6 անձ վիրավորվել է, որոնց թվում հրազենային վնասվածքներ են ստացել ՀՀ Ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, Ոստիկանության փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, Ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը:

Մի շարք անձինք զինված խմբի կողմից վերցվել էին որպես պատանդ եւ բանակցությունների արդյունքում հաջողվել է նրանց բոլորին ազատ արձակել եւ խուսափել նոր զոհերից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել