Գործող նախագահը, արձագանքելով անորակ սերիալներով եթերը աղտոտելու խնդրին, հակադարձել է, որ հայկական սերիալները սոցիալական դրական ազդեցություն ունեն, և խորհուրդ է տվել ցերեկներն անցնել Երևանի թատրոնների մոտով, որտեղ կարելի է հանդիպել արտասահմանյան մեքենաների: Ըստ նրա՝ այդ մեքենաները դերասաններինն են, որոնք կարողացել են գնել սերիալներում նկարահանվելու արդյունքում: 
Փաստորեն հանուն նրա, որ դերասանական աստղաբույլը երթևեկի տարատեսակ արտասահմանյան երկաթե նժույգներով, մենք աչք ենք փակում ամեն օր մեր երեխաներին մատուցվող բռնության, բռնաբարության, սպանությունների տեսարանների, անգրագետ, զուգարանային երկխոսությունների, անտաղանդ, անատամ, անդեմ դերասանների խաղի վրա: 
Ակամայից հիշեցի Նոյեմբերյանի շրջանում կատարված մի դեպք, երբ Ջուջեւան գյուղի 3-րդ դասարանի մի աշակերտ ծեծելով արյունլվա է արել համագյուղացու շանը, այնուհետեւ զանգահարել նրա տուն, փոխած ձայնով պահանջել 1 միլիոն դրամ դնել իր նշած տեղում, այլապես սպառնալով նրանց տան բոլոր անդամներին շան օրը գցել: Ոստիկանությունում 9-ամյա տղան ասել է, որ վարվել է «Որոգայթ» սերիալի Ջոկերի նման: Ահա ինչպիսի հոգիների խեղումներով ենք վճարում դերասանների «կլոր ֆառ» սայլերի համար:
Վերջում մի դիտարկում. քիլլերների վարձատրությունը ևս թույլ է տալիս գնել շքեղ մեքենաներ: 
Ի՞նչ տարբերություն՝ հոգի՞ն են սպանում, թե՞ մարմինը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել