Tert.am-ը գրում է.

Հայտարարությամբ, որ Թուրքիայի մասնակցությունը ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում կախված է բանակցային գործընթացում երկրի ունեցած ներդրման կառուցողականությունից, Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան տողատակերով հստակ ասում է, որ Թուրքիան ունի այս հարցում միակողմանի և ադրբեջանամետ դիրքորոշում:

Սա Հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի մեկնաբանությունն է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի դիրքորոշմանը` Թուրքիայի` Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում ընդունելի դիրքորոշման վերաբերյալ:

Tert.am-ի հետ զրույցում նա մանրամասնեց. «Շատ կարևոր է, որ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը նման դրական և կառուցողական հայտարարություն է անում: Նախ, որովհետև ՌԴ-ն Մինսկի խմբի համանախագահ երկիր է, և նա դրանով իսկ ցույց է տալիս, որ Մինսկի խմբի անդամ երկիր Թուրքիան չպետք է ունենա ադրբեջանա-ղարաբաղյան հիմնախնդրում միակողմանի ադրբեջանամետ դիրքորոշում, և դա կարող է տարածաշրջանային կոնֆլիկտների լուծմանն ազդեցություն ունենալ միայն այն դեպքում, երբ ունենա կառուցողական, այսինքն` ոչ կողմնակալ դիրքորոշում»։

Հիշեցնենք, որ Մարիա Զախարովան հայտնել էր, որ Թուրքիայի, ինչպես նաև ցանկացած այլ պետության մասնակցությունը ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում կախված է բանակցային գործընթացում երկրի ունեցած ներդրման կառուցողականությունից ու ավելացրել. «Ինչ վերաբերում է Թուրքիայի մասնակցությանը ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում, ցանկացած համագործակցություն կարելի է դրական համարել միայն դրա կառուցողական լինելու դեպքում։ Եթե բանակցությունների ընթացքում երկիրն իրոք ավելացնելու բան ունի, կրկնում եմ՝ կառուցողական ներդրում, ապա դրա մեջ ոչ մի խնդիր չեմ տեսնում»,- ասել է նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել