Ավելի քան 120 ժամ է անցել Երեւանի Խորենացի փողոցում տեղի ունեցած միջադեպից, որտեղ զինված խմբի անդամները ոստիկանության ՊՊԾ գնդում պատանդ են պահում մի քանի ոստիկանների:

Գիշերը Խորենացի փողոցում հանգիստ ու խաղաղ է անցել, բախումներ չեն գրանցվել, այս պահին փողոցի այդ հատվածում քիչ մարդ կա, նրանք արեւածագը դիմավորել են Խորենացի փողոցում:

Նախօրեին երեկոյան կարգավորվել է նաեւ ՊՊԾ գունդը գրաված խմբի սննդի հարցը, որը վերջին օրերին սրվել էր, իսկ հուլիսի 21-ի երեկոյան ոստիկանների եւ ցուցարարների բախման պատճառ էր դարձել։ Ցուցարարների շրջանում խոսում են, որ սննդի հարցը կարգավորվել է Արցախից Երեւան ժամանած գեներալ Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ:

Երեկ կեսգիշերից հետո ՊՊԾ գնդի կողմից հրավառություն է եղել։ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանի փոխանցմամբ, հրավառության հեղինակը «Սասնա ծռեր» խումբն էր, որն այդկերպ ողջունում էր Խորենացի փողոցում հավաքված բազմությանը։ 

Գիշերվա ընթացքում ցուցարարների եւ ոստիկանների միջեւ մերթընդմերթ թեթեւ միջադեպեր են եղել, որոնք, սակայն, արագորեն հարթվել են։

Նշենք, որ ի տարբերություն այս գիշերվա, հուլիսի 21-ի երեկոյան Խորենացի եւ Տիգրան Մեծ փողոցներում մթնոլորտը բավականին լարված էր, բախումներ էին տեղի ունեցել ոստիկանների եւ ցուցարարների միջեւ, որի հետեւանքով շատերը մարմնական վնասվածքներ էին ստացել։ Բերման էր ենթարկվել 136 անձ, ձերբակալվել՝ 16-ը:

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք Էրեբունիում գրոհով վերցրել են ՊՊԾ գունդը եւ պատանդ են վերցրել ոստիկանության սահմանափակ թվով ծառայողների: Մեկ ոստիկան՝ նույն գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանը զոհվել է: Վիրավորվել են եւս չորս ոստիկաններ եւ ՊՊԾ գնդի գրոհին մասնակցած անձանցից մեկը: Այս պահին պատանդների թիվը 4 է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել